Foto

Աղբատարը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում 66-ամյա Ռաֆիկ Դ.-ն իր վարած «KamAZ» մակնիշի աղբատար մեքենայով Նուբարաշենի աղբավայրից դեպի Նուբարաշենի խճուղի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Նուբարաշենի գերեզմանների քարե պարսպին և հայտնվել գերեզմաններում՝ մասամբ բախվելով շիրմաքարին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է «KamAZ»-ի տեխնիկական խնդիրը՝ հիմնականում արգելակների հետ կապված։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հաշվեկշռում։