Միավորված ազգերի կազմակերպության նոր զեկույցում նշվում է՝ աշխարհում սովի դեմ պայքարը լիարժեք արդյունքների չի հանգեցրել։
ՄԱԿ-ի պարենային անվտանգության զեկույցի համաձայն՝ թեպետ վերջին տարիներին աշխարհում սովի մակարդակը որոշ չափով նվազել է, սակայն մինչև 2030 թվականը ավելի քան 500 միլիոն մարդ կարող է մնալ սովի մատնված, իսկ այդ բեռի ամենամեծ մասն ընկնելու է Աֆրիկայի վրա։
«Հակամարտություններն ու համաշխարհային էներգետիկ շուկաների խաթարումները կարող են միլիոնավոր մարդկանց կանգնեցնել սովի վտանգի առջև՝ բարձրացնելով վառելիքի, պարարտանյութերի և սննդամթերքի գները»,- այդ մասին էլ նախազգուշացրել է Հռոմում տեղակայված Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) նախագահը։
Հուլիսի 10-ին Associated Press-ին տված հարցազրույցում IFAD-ի նախագահ Ալվարո Լարիոն նշել է, որ աշխարհաքաղաքական լարվածությունն ու բեռնափոխադրումների և էներգամատակարարման հնարավոր խափանումները, այդ թվում՝ Իրանի դեմ պատերազմի ընթացքում Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված անորոշ վիճակը կարող են, եթե այսպիսի զարգացումները շարունակվեն, լրացուցիչ 9–18 միլիոն մարդու կանգնեցնել սովի վտանգի առաջ։
«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ աշխարհում հակամարտությունների թիվը պատմականորեն շատ բարձր է և շարունակում է աճել», - ասել է Լարիոն։ «Ամեն անգամ, երբ տեղի է ունենում հակամարտություն, աճում է նաև սովյալների, տեղահանվածների և փախստականների թիվը»։









