Foto

Գերմանիայի ԱԳ նախարարը պաշտպանել է Հաագայի դատարանը՝ ԱՄՆ-ից հնչող սպառնալիքների ֆոնին

Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը ԱՄՆ-ի կողմից հնչեցրած սպառնալիքներից հետո հանդես է եկել Հաագայի դատարանի պաշտպանությամբ։

«Միջազգային քրեական դատարանն ավելի անվտանգ ու արդար է դարձնում աշխարհը»,— DW-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վադեֆուլը։

Նրա խոսքով՝ ՄՔԴ-ն վճիռներ է կայացրել մարդկության դեմ ուղղված ամենասարսափելի հանցագործությունների գործերով (օրինակ՝ երեխաներին որպես զինվոր հավաքագրելու վերաբերյալ) և մեղավորներին ենթարկել պատասխանատվության։ Վադեֆուլը համոզված է, որ հնարավոր թերությունները պատճառ չեն «այս կարևոր ինստիտուտի գոյությունն ու նրա ձեռքբերումները կասկածի տակ դնելու համար»։

Դոնալդ Թրամփի վարչակազմի այն պնդումը, թե ՄՔԴ-ն իբր սպառնալիք է ԱՄՆ սուվերենությանը, ավելի վաղ հերքել էր նաև Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անվար ալ-Անունին՝ նշելով. «Դատարանի, նրա ընտրված պաշտոնյաների, անձնակազմի կամ դատարանի հետ համագործակցող անձանց հասցեին հնչող հարձակումներն ու սպառնալիքները պարզապես անընդունելի են»։

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր ՄՔԴ-ի դեմ լայնամասշտաբ արշավ սկսելու մասին՝ պնդելով, թե դատարանն իբր «հետապնդում է ամերիկացի զինվորականներին ու պաշտոնյաներին» և «սպառնում ԱՄՆ ինքնիշխանությանը»։ Վաշինգտոնն սպառնացել է նոր պատժամիջոցներ սահմանել դատարանի դեմ և այլ քայլեր ձեռնարկել, մասնավորապես՝ կոչ անել տարբեր երկրների դուրս գալ ՄՔԴ-ից, ինչպես նաև խստացնել վերահսկողությունն այն պետությունների նկատմամբ, որոնք կհրաժարվեն դա անել։