Foto

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի մզկիթում Աստվածաշունչ կարդալու համար ռուսաստանցի ամուսինների են բերման ենթարկել

Թուրքիայում ունեցած հանգիստը քրեական հետապնդմամբ է ավարտվել ռուսաստանցի ամուսինների համար. նրանց բերման են ենթարկել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարում Աստվածաշունչ կարդալու համար, հայտնում է «Գազետա.Ռու»-ն։ Ռուսներին նախ տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, իսկ հետո՝ դեպորտացիոն կենտրոն։ Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հայտնել է, որ զբաղվում է ձերբակալված զբոսաշրջիկների հարցով։ Իսկ ՌԴ Պետդումայում կարծում են, որ նրանք «որևէ հանցանք չեն գործել»։

32-ամյա Իգորն ու 35-ամյա Վիկտորյան Թուրքիա էին մեկնել Մոսկվայից՝ հանգստանալու նպատակով։ Հաջորդ օրն այցելել են Սուրբ Սոֆիայի տաճար, որտեղ տղամարդն սկսել է կարդալ իր հետ բերած Աստվածաշունչը։ Դրանից հետո ամուսիններին «անմիջապես շրջապատել են և դուրս բերել մզկիթից»,— պատմել է Իգորը։ Այնուհետև նրանց տեղափոխել են Ֆաթիհ շրջանի ոստիկանական բաժանմունք և ստիպել հանձնել անձնական իրերը՝ ցուցակագրման համար։

«Մեզ թույլ չեն տալիս վերադառնալ հյուրանոց, կոշիկներիս քուղերը հանել են, ուզում են մատնահետքեր վերցնել։ Ասացին, որ մեր հետագա ճակատագիրն այստեղ է որոշվելու։ Այս տարածքում ռուսախոս ոչ մի մարդ չկա։ Ճիշտն ասած՝ չգիտենք ինչ անել և ում դիմել»,— պատմել է Իգորը։