«Հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ»,- հայտնում են ԱԳՆ-ից։
Հաղորդագրությունում նշված է.
«Գերմանիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանում անցկացված ժողովրդավարական ընտրությունների և հաղթանակի կապակցությամբ՝ վերահաստատելով Գերմանիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացման և եվրոպական ինտեգրման ուղուն:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ գործընկերության հարցեր. երկուստեք ընդգծվել է նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրի կետերի կյանքի կոչման ուղղությամբ համատեղ աշխատանքների կարևորությունը:
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության խորացման հարցերի շուրջ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ տեսլականը»:









