Օգոստոսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի պողոտայից մինչև Արին Բերդի փողոց տանող ավտոճանապարհին Արծրուն Գ․-ն իրեն պատկանող, սակայն այլ անձանց անուններով հաշվառված «BYD» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները շահադիտական նպատակներով տրամադրել է մի խումբ հայազգի և այլազգի իգական սեռի անձանց և նպաստել, որպեսզի վերջիններս Արցախի փողոցում կայանված վերը նշված ավտոմեքենաներում զբաղվեն պոռնկությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 3-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Արցախի պողոտայից կավատության համար ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Արծրուն Գ․-ին՝ իրեն պատկանող «BYD» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաների հետ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխվել նաև Լոռու մարզի բնակիչներ 31-ամյա Սանամ Թ․-ն, 38-ամյա Պայծառ Դ․-ն, Երևանի բնակիչներ 49-ամյա Գայանե Ա․-ն, 22-ամյա Արմինե Մ․-ն, 44-ամյա Կարինե Օ․-ն, 36-ամյա Քնարիկ Գ․-ն, Կուբայի քաղաքացիներ 33-ամյա Մերլինգ Գ․-ն, 37-ամյա Յանելա Ռ․-ն, Իրանի քաղաքացիներ 36-ամյա Ռանա Ա․-ն, 56-ամյա Փարվանե Գ․-ն և 44-ամյա Սակինե Մ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։









