Foto

Երբ չես գնում ընտրություններին, քո փոխարեն ուրիշն է «քվեարկում». Արփինե Հովհաննիսյան

«Ձայների ամենամեծ «փոշիացումը» տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդը չի մասնակցում ընտրություններին։ Երբ չես գնում ընտրություններին, քո փոխարեն ուրիշն է «քվեարկում», ոչ բառացի, այլ՝ մաթեմատիկորեն»,-շարունակելով քվեների փոշիացման թեման՝ նշում է արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը։

Նա ընդգծում է. Քո տեղն արձանագրությունում դատարկ է մնում, բայց ոչ մի դատարկ տեղ առանց հետևանքի չի մնում։ Մանդատների բաշխման համակարգն այնպես է կառուցված,( ինչպես բազմաթիվ երկրներում), որ յուրաքանչյուր չքվեարկած ձայն ավտոմատ կերպով նպաստում է ընտրություններին մասնակցող մյուս ուժերին, հատկապես՝ առավել շատ ձայն հավաքածներին։ Այսինքն՝ դու ոչ թե ձեռնպահ ես մնում, այլ քո փոխարեն ընտրությունը կատարում են նրանք, ովքեր գնացել և քվեարկել են։

Երեկ ես օրինակը ներկայացրել էի 3 ուժի մասնակցությամբ զուտ բացատրության պարզության համար, ոչ թե որպես հավանական քաղաքական սցենար։ Անկախ նրանից քանի կուսակցություն է շեմը հաղթահարում` բանաձևը մնում է նույնը: Կարծում եմ` ՀՀ-ում անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն ունեն երեքից ավել քաղաքական ուժեր։ Հետևաբար` պետք է կարողանալ ճիշտ բաշխել քաղաքական նախընտրությունները:

Եթե ձեր ձայնը իշխանական չէ, բայց որևէ կերպ չեք ուզում ընտրել նաև ֆավորիտ այս կամ այն ուժերից մեկին, ապա անգամ այդ դեպքում , միևնույն է, գնացեք ընտրության: Կան ուժեր, որոնք կարող են հաղթահարել շեմը: Տեղեկատվությունը դաշտում լիուլի է,կարող եք ուշադիր լինել, կողմնորոշվել ու ընտրել: Բայց ընտրության գնալը պարտադիր է:

3. Երեկ բացատրածս բանաձևը Սահմանադրության կայուն մեծամասնության սկզբունքի հետ կապ չունի: Բավական է միստիկ դեմքով ասել - իսկ ե՞րբ ընդունվեց այդ Սահմանադրությունը: Դա մանդատների բաշխման բանաձև է, որը Հայաստանում նոր չէ․ տարբեր ձևերով կիրառվել է` 1995 թվականից սկսած»: