Միլանի «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին: Իտալական ակումբը հրապարակել է հայ կիսապաշտպանի՝ «Լացիոյի» դարպասն ուղարկած գնդակի տեսանյութը:
Նորընծա չեմպիոնի մամուլի ծառայությունը հրապարակմանը կից կատարել է «Հայկական գնացքի ևս մեկ գոլ» հայատառ գրառումը:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 36-րդ տուրում Միլանի «Ինտերը» 3 անպատասխան գնդակ էր ուղարկել Հռոմի «Լացիոյի» դարպասը: Այդ հանդիպման 76-րդ րոպեին հենց Հենրիխ Մխիթարյանն էր խփել իր թիմի երրորդ գոլը՝ աչքի ընկնելով երկրորդ խաղում անընդմեջ: Խաղից հետո հայ ֆուտբոլիստը նշել էր, որ միլանյան թիմում իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի մրցաշրջանի ավարտին:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն իտալական գրանդի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 36 հանդիպման: Այս ընթացքում նա դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ սպառվում է 2026 թվականի հունիսին:
Ավելին՝ տեսանյութում։









