Այսօր՝ մայիսի 1-ին կայացավ ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը, որի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ ՖԱ» ՀԿ, «Փյունիկ ՖԱ» ՀԿ, «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ, «ՖԱ Արարատ» Հ/Ձ ՓԲԸ, «Նոա ՖԱ» ՀԿ, «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ և «Շիրակ ՖԱ» ՀԿ ֆուտբոլային ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթային փաթեթները: Այս մասին հյատնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Մարզական համապատասխան որակավորում ստանալու դեպքում այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու ՈւԵՖԱ-ի 2026/2027թթ․ մրցաշրջանի ակումբային մրցաշարերին։
Արտոնագրման բաժնի փորձագետները կատարել էին համապարփակ ուսումնասիրություններ և ստուգումներ` քննության դրված ֆինանսական փաթեթների հիման վրա: Դրանց արդյունքները Արտոնագրման բաժնի պետը և ֆինանսական փորձագետը մանրամասնորեն ներկայացրին կոմիտեին: Հիմնվելով մասնագետների եզրակացությունների և կատարված քննության արդյունքների վրա` Արտոնագրման կոմիտեն միաձայն որոշում կայացրեց ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր ակումբներին։
Այսօր կայացած նիստի ընթացքում քննության առնվեց նաև ՈւԵՖԱ-ի Կանանց ակումբային մրցաշարերի արտոնագիր շնորհելու հարցը, ինչն ակումբների կանանց թիմերին հնարավորություն է ընձեռում մասնակցելու 2026/2027թթ․ ՈւԵՖԱ-ի Կանանց Ակումբային մրցաշարերի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:
Վերոնշյալ արտոնագրի համար դիմած միակ ակումբը ՝ «Փյունիկ» ՖԱ-ն՝ բավարարելով բոլոր չափանիշները, կոմիտեի միաձայն որոշմամբ ստացավ ՈւԵՖԱ-ի Կանանց ակումբային մրցաշարերի մասնակցության համապատասխան արտոնագիրը։









