Foto

Երևանում նշվեց Սպորտի միջազգային օրը

Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտություն, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Երևանի Հյուսիսային պողոտայում նշվեց Սպորտի միջազգային օրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԳՄՍ, Առողջապահության, Ներքին գործերի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ անցկացվեցին մի շարք միջոցառումներ՝ բացօթյա մարզումներ, սպորտային մրցումներ, ցուցադրական ելույթներ՝ մայրաքաղաքը վերածելով իրական բացօթյա «մարզադաշտի»:


«Սպորտը բարեկեցություն է, ազնվություն, առողջ ապրելակերպ։ Սպորտը նաև հումանիստական գաղափարների տարածման կարևոր միջոց է և ազգերի միջև կապեր հաստատելու հզոր հարթակ։ Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա կապակցությամբ և շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ ու նվիրումով նպաստում են սպորտի զարգացմանը»,-լրագրողների հետ զրույցում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:  

Հյուսիսային պողոտայում անցկացվեցին վոլեյբոլի, սուսերամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի, սամբոյի, ձյուդոյի, շախմատի, բադմինթոնի, կարատեի, թաեքվոնդոյի, մարմնամարզության և բասկետբոլի ցուցադրական մրցելույթներ և սպորտային խաղեր։