Օրերս տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն: Հանդիպումը, որը խնդրել էր հայկական կողմը, անցավ բավականին ուշագրավ, որոշ կարծիքների համաձայն՝ լարված մթնոլորտում:
Ռուսական կողմը հանդիպմանը լավ էր պատրաստվել, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում անրադարձավ հայ-ռուսական հարաբերությունների ակտուալ թեմաների գրեթե ողջ պալիտրային՝ էներգակիրների գներից մինչև ԵՄ ինտեգրացիա, հայաստանյան ներքաղաքական լարվածություն, ռուսամետ ուժերի սահմանափակում և այլն: ՀՀ իշխանությունների՝ Ռուսաստանից հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ տևական հայտարարություններից հետո Պուտինն այս հանդիպմանն ուղիղ հայտարարեց, որ Ռուսաստանը կցանկանար, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին կարողանային մասնակցել բոլոր ռուսամետ ուժերը։
«Մենք միշտ անկեղծ երկխոսություն ենք վարում ձեզ հետ, և մենք կցանկանայինք, որ բոլոր քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչները կարողանային մասնակցել ներքաղաքական գործընթացներին: Նրանցից ոմանք անազատության մեջ են` չնայած ռուսական անձնագրեր ունեն: Դա ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց ամեն դեպքում մենք կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանային մասնակցել ներքաղաքական գործընթացներին»,- ասել էր Պուտինը։
Պուտինի խոսքով, Հայաստանի տնտեսությունը զարգանում է լավ տեմպերով, վերջին տարիներին դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 10 անգամ։ Պուտինը պնդել էր, թե Մոսկվան «լիովին հանգիստ» է վերաբերվում ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման վերաբերյալ ընթացող քննարկումներին, բայց նաև հիշեցրել՝ անհնար է միաժամանակ լինել Եվրամիությունում և ԵԱՏՄ-ում։ Ռուսաստանի նախագահը խոսել էր նաև էներգակիրների մասին և հայտարարել՝ գազի գինը Եվրոպայում անցնում է 600 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին 177,5 դոլարով, ինչը, ըստ նրա, «մեծ և էական» տարբերություն է։
Փաշինյանն իր հերթին՝ արձագանքել էր Պուտինի դիտարկումներին, խոսելով, որ հայ-ռուսական հարաբերությունները երբեք կասկածի տակ չեն դրվի, սակայն նաև արձանագրել, որ որքան հնարավոր լինի՝ Հայաստանը կհամատեղի ԵԱՏՄ անդամակցությունն ու ԵՄ ինտեգրացիայի օրակարգերը: Նա նաև հերթական անգամ հայտնել էր իր դժգոհությունը ՀԱՊԿ-ից, ասել նաև, որ մինչ իր կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելը դա արել էր ՌԴ նախագահ Պուտինը: Փաշինյանը նաև նշել էր, որ այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող մասնակցել, առաջադրվել ՀՀ-ում սպասվող ընտրություններին և դառնալ պատգամավոր կամ վարչապետ:
Հանդիպումից հետո հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու պնդել՝ Երևանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը «ստիպված կլինի այլ կերպ կառուցել» ՀՀ-ի հետ տնտեսական հարաբերությունները։ Ըստ նրա, Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության դեպքում ՀՀ-ն ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա։ «Եվրոպական Միության երկրների հետ հիմա ավիահաղորդակցություն չկա։ Սա նշանակում է, որ Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա»,- ասել էր ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն պաշտոնական Երևանի կողմից Եվրոպական Միության հետ մերձեցման վերաբերյալ ընդունված որոշման հնարավոր հետևանքները։
«Գուցե շատ կոշտ է հնչում, բայց մենք ցանկանում ենք, որ Հայաստանում մարդիկ հասկանան, որ եթե դա տեղի ունենա, ապա տեղի կունենա, քանի որ ընդունվել են Եվրոպական Միության հետ մերձեցման որոշումներ»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ անդրադարձել էր Փաշինյան-Պուտին հանդիպմանը, ասելով, որ հայկական կողմն ըմբռնում է ցուցաբերել Վլադիմիր Պուտինի կողմից Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ արտահայտած մտահոգությունների շուրջ: «Հայկական կողմը ցույց տվեց, որ հասկանում է Ռուսաստանի կողմից արտահայտված մտահոգությունները։ Մենք կտեսնենք, թե ինչպես են հարաբերությունները զարգանալու գործնականում»,- նշել է Լավրովը ռուս լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։
Փորձագիտական հանրությունն արձանագրում է, որ հանդիպումն առանձնացավ անսովոր բաց և ուղիղ շեշտադրումներով։ Բացի այդ, ըստ մի շարք ենթադրությունների, հանդիպման փակ հատվածը ոչ պակաս ուշագրավ է եղել և ներառել է քննարկումների շատ ավելի լայն շրջանակ, քան հրապարակայինն էր: Մոսկվան, ըստ էության, հրապարակային դարձրեց այն, ինչ երկար ժամանակ քննարկվում էր ռուսական փորձագիտական շրջանակներում և կուլիսներում՝ գազի գնի քաղաքական բաղադրիչը, Հայաստանում ռուսամետ ազդեցության սահմանափակումը և այդ ազդեցության վերականգնման անհրաժեշտությունը։
Բազմիցս ենք անդրադարձեկ, որ ուկրաինական պատերազմի ֆոնին Ռուսաստանը պասիվացել է այն ռեգիոններում, որտեղ ավանդաբար ուներ ազդեցություն, սակայն միևնույն ժամանակ ռուսական շրջանակներն արձանագրում են՝ Հարավային Կովկասը Ռուսաստանը չի լքում, ավելին, կա ցանկություն՝ վերաիմաստավորել ազդեցության գոտիները և փորձել ամրապնդվել ռեգիոններում, որտեղ դեռևս կան լծակներ։ Հարավային Կովկասը, հատկապես՝ Հայաստանը, շարունակում է մնալ այդպիսի կետերից մեկը, սակայն այստեղ Ռուսաստանի ազդեցությունն էապես նվազել է։
Եվ ակնհայտորեն, Հայաստանի արտաքին քաղաքականության բազմավեկտորացման կամ ԵՄ ինտեգրացիայի կողմնորոշում գրավելու փորձերն ընկալվում են Մոսկվայում՝ որպես վերահսկողության կորուստ։ Այդ ֆոնին Պուտինի ուղիղ խոսքը կարծես ուղղված էր հայ-ռուսական հարաբերություններում ՌԴ-ի «կարմիր գծերն» ազդարարելուն։ Ռուսաստանի կողմից Հայաստանի համար գազի «էժան» լինելու շեշտադրումը տնտեսական չէ միայն։ Դա հստակ քաղաքական ազդակ է՝ հիշեցում կախվածության մասին։
Գազի գինը հայ-ռուսական հարաբերություններում մշտապես եղել է՝ որպես քաղաքական լոյալության դիմաց՝ տնտեսական արտոնություն, աշխարհաքաղաքական ընտրության դիմաց՝ սոցիալական կայունություն։
Մոսկվան այս հանդիպմանը հարցը ձևակերպեց հրապարակային, փորձելով ցույց տալ, թե ինչից է զրկվելու Հայաստանը ԵՄ անդամակցության դեպքում։
Ըստ մի շարք տեղեկությունների, հանդիպման այս հրապարակային մեկնաբանությունները նախատեսված էին հենց ժողովրդի, ոչ այնքան իշխանության համար:
Պուտինի կողմից Հայաստանում ռուսամետ ուժերի սահմանափակման մասին խոսելն առավել զգայուն ու հակասական հարց էր՝ հատկապես հիբրիդային սպառնալիքների մասին ակտիվ խոսակցությունների ֆոնին:
Սակայն, ըստ ամենայնի, այս անդրադարձը ևս պատահական չէր, ռուսական կողմը փորձում է թե ներքին, թե արտաքին լսարանին ցույց տալ, որ դեռ ունի շահեր Հայաստանում և պատրաստ է պաշտպանել դրանք, իսկ ՀՀ իշխանություններին ազդակ է փոխանցում, որ Մոսկվան չի պատրաստվում ընդունել իր ազդեցության նեղացումը՝ որպես նոր նորմ։ Հայաստանի համար այս հանդիպումը փաստացի՝ ընտրության հստակեցման առաջարկ է: Երևանն ունի երկու տարբերակ՝ շարունակել բազմավեկտոր քաղաքականությունը, ինչը բերում է ռիսկերի՝ տնտեսական ճնշումների տեսքով, մյուս կողմից՝ վերադառնալ ավելի կանխատեսելի դաշտ՝ ունենալով Ռուսաստանի հետ խիստ կախյալ հարաբերությունների մոդել։ Սակայն դեռ հարց է, թե արդյո՞ք Մոսկվան կկարողանա առաջ մղել իր այս քաղաքականությունը և դիրքորոշումները, քանի որ մեկ բան է հայտարարել, մեկ այլ բան՝ իրական քաղաքականության մեջ արդյունքներ ապահովել:
Փաշինյան-Պուտին այս հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ-ռուսական հարաբերությունները մտել են նոր փուլ՝ ավելի քիչ դիվանագիտական, ավելի շատ հաշվարկված ճնշման և բաց ազդակների փուլ։ Ինչպես Փաշինյանի իշխանությունը, այնպես էլ ներկայումս Ռուսաստանը այլևս չի փորձում թաքցնել իր ակնկալիքները և պատրաստ է դրանք ձևակերպել հրապարակային։
Սա նշանակում է, որ Հայաստանի համար արտաքին քաղաքականության «միջին ճանապարհը» դառնում է ավելի նեղ և բարդ անցանելի։ Այս հանդիպումը ոչ թե պարզապես երկխոսություն էր, այլ փորձ՝ փոխել ռեգիոնալ խաղի կանոնները: Կհաջողվի՞, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը:









