Foto

Հնդկաստանի սաhմանապահ nւժերն ուսումնասիրում են սահմանին օձեր և կոկորդիլոսներ օգտագործելու հնարավորությունը

Հնդկաստանի սահմանային անվտանգության ուժերը, որոնք ապահովում են Պակիստանի և Բանգլադեշի հետ երկրի սահմանների պահպանությունը, հանձնարարել են իրենց ստորաբաժանումներին ուսումնասիրել սահմանամերձ գետային շրջաններում օձերի և կոկորդիլոսների օգտագործման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The Hindu թերթը՝ հղում անելով BSF-ի ծառայողական կարգադրությանը։


Հրատարակության տվյալներով՝ այս միջոցառումն ուղղված է ապօրինի ներթափանցումների և հանցավոր գործունեության կանխմանը։

«Սողունների, օրինակ՝ օձերի կամ կոկորդիլոսների օգտագործման հնարավորությունը դժվարանցանելի սահմանամերձ շրջաններում պետք է օպերատիվորեն ուսումնասիրվի և դիտարկվի»,- մեջբերում է թերթը հնդկական սահմանապահ ծառայության փաստաթղթից մի հատված։


Մասնավորապես, խոսքը Հնդկաստանի և Բանգլադեշի սահմանի դժվարանցանելի հատվածների պահպանության մասին է, որտեղ գետերի, ճահիճների և բարդ տեղանքի պատճառով հնարավոր չէ տեղադրել ավանդական արգելապատնեշներ։ Այս շրջաններում առաջարկվում է դիտարկել սողունների՝ որպես բնական պատնեշի օգտագործման հնարավորությունը։

Հնդկաստանի սահմանային անվտանգության ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ նախաձեռնությունը դեռևս գտնվում է քննարկման փուլում՝ մի շարք խնդիրների պատճառով, որոնք խոչընդոտում են սահմանապահ ծառայության կենտրոնական ապարատի հանձնարարականի օպերատիվ կատարմանը։