Foto

«Բուշեր» ատոմակայանը գնդակոծությունների հետևանքով չի վնասվել. ԱԷՄԳ

Իրանական «Բուշեր» ատոմակայանի մերձակայքին հասցված հարվածներից բուն ատոմակայանը չի վնասվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ)։

«Ըստ ԱԷՄԳ-ի կողմից ապրիլի 5-ի պատկերների վերլուծության՝ «Բուշեր» ատոմակայանն ինքը չի վնասվել», - նշված է X հարթակում գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

Դրա հետ մեկտեղ նշվում է, որ հարվածներից մեկը տեղի է ունեցել միջուկային օբյեկտի պարագծից 75 մետր հեռավորության վրա ընկած տարածքում։

Իր հերթին, ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նախազգուշացրել է, որ «Բուշեր»-ի մերձակայքում շարունակվող ռազմական ակտիվությունը կարող է հանգեցնել լուրջ ռադիոակտիվ վթարի, որի հետևանքները կարող են վնաս հասցնել մարդկանց և շրջակա միջավայրին Իրանում և դրա սահմաններից դուրս։

Նա կոչ է արել դադարեցնել նման գրոհները։

«Միջուկային օբյեկտները և դրանց մերձակա շրջանները երբեք չպետք է ենթարկվեն հարվածների», - ընդգծել է Գրոսին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ատոմակայանին հասցված հարվածի հետևանքով մեկ աշխատակից է զոհվել։