Բավականին բազմիմաստ է ՌԴ նախագահի հայտարարության հանրային ընկալումը, երբ նա Փաշինյանի հետ խոսում է այն մասին, որ պետք է ապահովել «Ռուսաստանի բարեկամ» ուժերի մասնակցությունը խորհրդարանի ընտրությանը: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Հանրային որոշակի շերտ համարում է, որ այդպիսով ուժեղ աջակցություն են ստանում այն ուժերը, որոնց մասնակցությունը կարող էր հայտնվել արգելափակման ներքո, եթե Նիկոլ Փաշինյանը այդ քայլի հարցում ոչ միայն աջակցություն ստանար Արեւմուտքից, այլ նաեւ խրախուսում, իսկ Ռուսաստանից լիներ լռություն:
Մյուս կողմից, շատերը համարում են, որ ասելով «Ռուսաստանի բարեկամների» մասին, Պուտինը գործնականում «խթանեց» իշխանության մեղադրանքը, թե այդ ուժերը սպասարկում են Ռուսաստանի շահ: Գործնականում ո՞ր տեսակետն է գերակշռողը: Կարծում եմ այստեղ չափազանց կարեւոր է այլ շեշտադրում: Գերակշռողը պետք է լինի իրադրության ռացիոնալ գնահատումը:
Կարծում եմ, որ Հայաստանի հանրությունն ի վիճակի է իրադրության եւ հասկացությունների ռացիոնալ գնահատման: Եթե ուժդ Ռուսաստանի բարեկամ է, դա բացարձակապես չի նշանակում, որ Ռուսաստանի ենթակա է, իսկ Արեւմուտքին՝ թշնամի: Ավելին, այստեղ կա մեծ նենգափոխում, որ փորձ է անում մատուցել հանրությանը թե իշխանությունը, թե մերձիշխանական արևմտամոլ ուժերը:
Հենց նրանք են, որ փորձում են հանրությանը «սնուցել» միտք, թե այն ուժը, որը կողմնակից է Ռուսաստանի հետ դրական, արդյունավետ և սերտ գործակցության, ուրեմն հակադիր է Արեւմուտքին, ուրեմն դեմ է ինքնիշխանությանը, եւ այլն, եւ այլն: Ունենալով վառ «արեւմտամետ» դիրքավորում, այդ ուժերը միաժամանակ դատարկ են Արեւմուտքի հետ հարաբերության իրական օրակարգի տեսանկյունից:
Ահա այդ դատարկությունը փորձ է արվում լրացնել հակառուսականությամբ, եւ Ռուսաստանի հետ ռացիոնալ արդյունավվետությամբ բարվոք հարաբերություն կառուցելու կողմնակից ուժերին թիրախավորելով, Ռուսաստանի հետ հարաբերության դրական կոնցեպտը իբրեւ Արեւմուտքի հետ թշնամություն եւ Հայաստանի ինքնիշխանության հանդեպ ոտնձգություն ներկայացնելով:
Այս ամենն այլ բան չէ, քան պարզապես դրա՝ այլ ուժերի ռացիոնալ օրակարգերը ամեն կերպ ու ինքնանպատակ թիրախավորելու միջոցով «արեւմտյան արեւի տակ» սեփական տեղ ապահովելու սնանկություն: Եվ դրա մասին է վկայում այն, որ այդ ուժերից գործնականում որեւէ մեկը, բացարձակապես որեւէ մեկը չունի հենց նույն արեւմտյան ուղղությամբ իրական քաղաքական գործընկերային հարաբերության որեւէ լուրջ պատմություն, որեւէ հագեցած բովանդակային գործընկերություն:
Հայաստանի հանրության մի մասն իհարկե սպառում է այդ սնանկ օրակարգը, բայց դա անկասկած փոքր մասն է, ինչը վկայում են թե տեղական մակարդակի, թե համապետական մակարդակի ընտրություններում այդ ուժերի գրանցած ցուցանիշները: Դրանք վկայում են, որ հանրության մեծամասնությունը ունակ է գնահատել իրողությունները ռացիոնալ հիմքով: Ըստ այդմ, գլխավոր խնդիրը՝ հանրության հետ ռացիոնալ հաղորդակցության հետեւողական աշխատանքը շարունակելն է»:









