Մարտի 28-ին կայացավ Hype Fighting MMA-ի խոշոր մրցաշարը, որի շրջանակներում կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Ունանյանը փայլուն հաղթանակ տարավ իրանցի մարզիկ Ամիր Բախրամեդջանի նկատմամբ։
Այս մասին հայտնում են Հայաստանի կարատեի միության լրատվականից։
«Մենամարտը խոստանում էր լինել լարված, սակայն Կամո Ունանյանն այլ պլաններ ուներ։ Հենց առաջին վայրկյաններից նա դիմեց ակտիվ հարձակման՝ թույլ չտալով մրցակցին նույնիսկ կողմնորոշվել ռինգում։ Արդյունքում՝ մարտի սկզբից ընդամենը 55 վայրկյան անց, Կամոն փայլուն կերպով կիրառեց խեղդող հնարքը՝ ստիպելով մրցակցին հանձնվել։
«Հենց սկզբից էլ պլանավորել էի հարձակողական մարտ վարել։ Այդ պլանը շատ լավ աշխատեց, քանի որ մրցակիցս պատրաստ չէր նման արագ ընթացքի, և իմ պլանավորած հնարքը լիովին իրականություն դարձավ», - մեկնաբանելով իր հաղթանակը՝ ասել է Կամո Ունանյանը։
Այս հաղթանակը Կամո Ունանյանի համար ուներ երկու առանցքային նշանակություն. նախ՝ տպավորիչ այս արդյունքով նա վերահաստատեց իր տեղը MMA-ի ռինգում՝ պահպանելով անպարտելիի տիտղոսը՝ 8 հաղթանակ և ոչ մի պարտություն։ Բացի այդ, սա մարզիկի առաջին մենամարտն էր ողնաշարի բարդ վիրահատությունից հետո։
Հատկանշական է, որ վերջին վեց ամիսների ընթացքում Ունանյանը չէր մարզվել և միայն վերջերս էր վերսկսել վերականգնողական մարզումները։ Չնայած մրցակցի վերջին պահին փոփոխությանը և առողջական լուրջ ռիսկերին՝ նա ընդունեց մարտահրավերը և փայլուն իրականացրեց այն։
«Անկեղծ լինեմ՝ դեռ լիովին չեմ վերականգնվել։ Բայց ես ժամանակ չունեմ սպասելու լիարժեք ապաքինմանը, քանի որ սպորտային կարիերայում ժամանակն արագ է անցնում։ Գիտակցված ռիսկի գնացի մրցաշարին մասնակցելու համար և արդեն ունեմ հաղթանակ», - խոստովանել է չեմպիոնը։
«Կամո Ունանյանի մարզական օրացույցն արդեն հայտնի է։ Այս տարի նա պատրաստվում է MMA-ի ևս մեկ մարտի, որը նախատեսված է մայիսի 30-ին՝ MIX fight մրցաշարի շրջանակներում։ Դրանից հետո պարզ կլինեն տարվա մյուս հանդիպումների ժամանակացույցերը։ Բացի այդ, չեմպիոնը պլանավորում է մասնակցել կարատեի տարբեր վարկածներով աշխարհի և Եվրոպայի առաջնություններին»,-նշված է միության լրատվականի հաղորդագրության մեջ։









