Այսօր Ավագ Երկուշաբթի է. Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը նշում է՝ թող այս Ավագ Երկուշաբթին առիթ դառնա թոթափելու կեղծիքի տերևները և մեր էությունը վերածելու պտղաբեր մի այգու, որտեղ Արարիչը միշտ կգտնի Իր փնտրած հավատքն ու սերը:
««Եւ ճանապարհի վրայ մի թզենի տեսնելով՝ եկաւ դէպի այն եւ նրա վրայ ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ: Եւ թզենուն ասաց. «Այսուհետեւ քեզնից յաւիտեան պտուղ թող չլինի»: Եւ նոյն պահին թզենին չորացաւ» (Մատթ. ԻԱ 19):
Ավագ Երկուշաբթիի այս պատգամը սթափեցնող մի ճշմարտություն է, որը մեզ հրավիրում է ամենաանկեղծ ինքնաքննության: Մենք սովոր ենք տեսնել Քրիստոսի միայն ներողամիտ դեմքը, բայց այսօր Նա մեզ ներկայանում է որպես Արդար Դատավոր, Ով չի հանդուրժում կեղծիքը: Ճանապարհի եզրին կանգնած այդ թզենին իր շքեղ ու կանաչ տերևներով հեռվից խոստումնալից էր, բայց Արարչի մոտենալուն պես պարզվեց, որ այդ ամենը լոկ գեղեցիկ պատրանք էր:
Ի՞նչ է իրականում թզենու չորացումը: Դա սովորական բարկություն չէր, այլ աստվածային շնորհազրկում: Աստված մեզնից յուրաքանչյուրին տվել է կյանք, տաղանդ և հոգևոր ուժ՝ պտղաբերելու համար, բայց երբ մենք այդ շնորհները ծառայեցնում ենք միայն մեր «տերևներին»՝ մեր հպարտությանը, արտաքին փայլին և դատարկ ձևականությանը, Նա պարզապես հետ է վերցնում Իր տված կարողությունը, որն այդպես էլ չօգտագործվեց: Ամենասարսափելի «անեծքը» հենց սա է՝ մնալ առանց Աստծո շնորհի, մնալ այնպիսին, ինչպիսին մենք կանք՝ չոր ու անպտուղ:
Այսօր Քրիստոս նույն կերպ մոտենում է մեր կյանքի ճանապարհին: Նա չի նայում մեր գեղեցիկ ձևակերպված խոսքերին կամ այն դիմակներին, որոնցով փորձում ենք զարդարել մեր կյանքը աշխարհի առջև: Նա թափանցում է այդ բոլոր տերևների տակ և փնտրում է Պտուղը՝ այն կենդանի հավատքը, որը դրսևորվում է սիրով, ներողամտությամբ և բարի գործերով:
Անկեղծորեն հարց տանք մեզ, եթե հենց այս պահին Տերը կանգնի մեր առջև, արդյո՞ք կգտնի խոնարհության ու ողորմածության պտուղներ: Թող այս Ավագ Երկուշաբթին առիթ դառնա թոթափելու կեղծիքի տերևները և մեր էությունը վերածելու պտղաբեր մի այգու, որտեղ Արարիչը միշտ կգտնի Իր փնտրած հավատքն ու սերը»,- գրել է Տեր Աբրահամը։









