Իսրայելում վերջին մեկ օրվա ընթացքում Իրանի հարվածների հետևանքով 1 մարդ է զոհվել բեկորային վնասվածքի հետևանքով, ևս 164 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացրած թարմացված տվյալները։
Վիրավորներից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Ըստ «Մագեն Դավիդ Ադոմ» ծառայության՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեկնարկից ի վեր Իրանի պատասխան հարվածներից Իսրայելում, ընդհանուր առմամբ, վիրավորվել է 1576 մարդ։ Հրթիռային հարվածներից զոհերի թիվը հասել է 16-ի։
Իրանը մարտի 21-ի երեկոյան հարվածներ էր հասցրել Արադ և Դիմոնա քաղաքներին, որոնք գտնվում են Նեգևի միջուկային հետազոտությունների կենտրոնի մերձակայքում։ Թեհրանը հայտարարել է, որ հարվածներն իրականացվել են՝ ի պատասխան մարտի 21-ին Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակման։
Իրանում պատերազմի ավելի քան երեք շաբաթվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 1500-ը։ Ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի թիվը 13 է, վիրավորներինը՝ շուրջ 200։ Ամերիկա-իսրայելական գործողությունների ֆոնին Իսրայելի ուղղությամբ «Հեզբոլլահ»-ի հարվածներից հետո Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 1000-ը։ Քաղաքացիական անձանց շրջանում զոհեր կան նաև Պարսից ծոցի երկրներում։









