Foto

Սիրտը մաքրելու ամենակարճ ճանապարհը ներելն է նրանց, ովքեր մեզ նեղացրել են. Տեր Աբրահամ

Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը նշում է՝ պահեցողության իրական նպատակը ոչ թե սոսկ սննդակարգի փոփոխությունն է, այլ «ներքին մարդու» նորոգումը։

Տեր Հոր խոսքով՝ սիրտը մաքրելու ամենակարճ ճանապարհը ներելն է նրանց, ովքեր մեզ նեղացրել են։

««Խոնարհ հոգին է պատարագն Աստծո, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում» (Սաղմոս 50:19)։

Այս տողերը Դավիթ թագավորի հոգուց բխեցին նրա կյանքի ամենածանր ու ամենաճակատագրական պահին։ Այն բանից հետո, երբ նա գործեց Բերսաբեի հետ կապված իր մեծ մեղքը և Նաթան մարգարեի միջոցով առերեսվեց սեփական անկման հետ, նա չփորձեց արդարանալ կամ թաքնվել։ Նա գրեց այս ապաշխարության սաղմոսը՝ հասկանալով մի կարևոր ճշմարտություն, որ Աստծուն պետք չեն կենդանիների զոհաբերություններ կամ արտաքին ծեսեր, եթե դրանց հետևում չկա զղջացող սիրտ։ Դավիթ թագավորը մեզ սովորեցրեց, որ նույնիսկ ամենամեծ անկումից հետո վերելքի միակ ճանապարհը սեփական տկարությունն ընդունելն ու Աստծո ողորմությանը հանձնվելն է։

​Մեծ Պահքի այս շրջանում Դավթի այս պատգամը մեզ հիշեցնում է, որ պահեցողության իրական նպատակը ոչ թե սոսկ սննդակարգի փոփոխությունն է, այլ «ներքին մարդու» նորոգումը։ Երբ մենք խոնարհվում ենք, մենք ազատվում ենք հպարտության ու եսակենտրոնության ծանր բեռից՝ տեղ բացելով Աստծո սիրո համար։ Մաքուր սիրտը ստեղծվում է ներողամտությամբ և աղոթասիրությամբ։ Սիրտը մաքրելու ամենակարճ ճանապարհը ներելն է նրանց, ովքեր մեզ նեղացրել են։ Թող մեր յուրաքանչյուր զսպվածություն և աղոթք լինի սիրո ու խոնարհության մի պատարագ, որը բարձրանում է առ Աստված՝ բժշկելով մեր հոգիներն ու զորացնելով մեր հավատքը»,- նշել է Տեր Աբրահամը։