Foto

Վահագն Ալեքսանյանը հաստատեց, որ Եզրաս Սրբազանի՝ ԿԳԲ գործակալ լինելու մասին հայտարարությունն անաչառ չէ

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, պատասխանելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի եղբայր՝ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի վերաբերյալ հարցին, նորից հաստատակամորեն պնդեց, թե նա ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ է եղել։

«Կտրիճ Ներսիսյանի եղբայրը Սովետական միության ԿԳԲ գործակալ է եղել, և այդ փաստը ԱԱԾ-ն հանրայնացրել է»,- ասաց Սիմոնյանը։ 

Հիշեցնենք, որ ԱԱԾ պետը հղում է արել իշխող կուսակցությանը պատկանող Civic.am-ի՝ հենց ԱԱԾ-ին արված հարցմանը, որին ի պատասխան այնտեղից հայտնել էին, որ իրենց տրամադրության տակ առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) հետ։ 

Զավեշտն այն է, որ այսօր ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, որը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ընդդիմադիր լրատվամիջոցներին մեղադրեց ոչ անաչառ լինելու մեջ՝ հոխորտալով նիստը լուսաբանող լրագրողների վրա, հայտարարեց, թե դահլիճում ընդամենը մեկ չեզոք լրատվամիջոց է ներկա, ավելի ուշ ֆեյսբուքյան սեփական էջում լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ամենայն հավանականությամբ ՔՊ-ականը նկատի է ունեցել Civic.am-ին, մեկնաբանել է, որ իրականում այդ լրատվամիջոցն էլ անաչառ չէ։ 

«Բայց Սիվիկն էլ քպ-ական լրատվական ա։ Դուք իրոք չեք հասկանո՞ւմ՝ ես խնդիր չունեմ իրերն իրենց անունով կոչելու։ Սիվիկը քպ-ական է։ Ասեք ձեր լրատվականն ո՞ւմն է, ո՞վ է ֆինանսավորում»,- լրագրողի գրառումը մեկնաբանել է Ալեքսանյանը՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով՝ ով փողը տալիս է, երաժշտությունը պատվիրում է։ 

Վահագն Ալեքսանյանի դատողությունից ելնելով՝ իրավունք ունենք պնդելու, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի վերաբերյալ հարցման պատասխանի հրապարակմանը Civic.am-ում պետք չէ լուրջ վերաբերվել, որովհետև  դա կարող է կուսակցական մանիպուլյացիա լինել։ Դե եթե կայքը ֆինանսավորվում է ՔՊ-ի կողմից, ապա ՔՊ քարոզչական նպատակներին պետք է ծառայեցվի։ Դա մենք չենք ասում, դա պատեհ կամ անպատեհ առիթով պնդում է ՔՊ-ական պատգամավորը։ Ափսոս, ԱԱԾ պետը դա չէր կարդացել ու Վահագն Ալեքսանյանի դատողությանը հակասող պնդումներ է արել։ 

Թագուհի Ասլանյան