Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ.
«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։
Մարտի 8-ը միայն շնորհավորանքների և գեղեցիկ խոսքերի օր չէ։ Այն կարևոր հիշեցում է, որ կանանց իրավունքների պաշտպանությունն ու հավասար հնարավորությունների ապահովումը մեր հասարակության զարգացման առանցքային գրավականներից են։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է` գնահատելու կանանց ձեռքբերումներն ու ներդրումը հասարակական կյանքում, ինչպես նաև անդրադառնալու այն մարտահրավերներին, որոնք դեռ առկա են կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին։
Հայաստանում կանայք մեծ նվիրումով և պատասխանատվությամբ մասնակցում են հանրային, տնտեսական և համայնքային կյանքի զարգացմանը։ Միևնույն ժամանակ, շարունակում են առկա լինել խնդիրներ՝ կապված կանանց նկատմամբ բռնության, խտրականության, ինչպես նաև աշխատանքի, կրթության և որոշումների կայացման գործընթացներում հավասար մասնակցության ապահովման հետ։ Կանանց նկատմամբ բռնության և խտրականության ցանկացած դրսևորում անընդունելի է և պահանջում է հետևողական կանխարգելում ու արդյունավետ արձագանք։ Այս մարտահրավերների հաղթահարումը հնարավոր է միայն պետության, հասարակության և յուրաքանչյուրիս համատեղ ու հետևողական ջանքերով։
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններից է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Պաշտպանի աշխատակազմը շարունակաբար արձանագրում և բարձրաձայնում է կանանց իրավունքների խախտման դեպքերը, ներկայացնում առաջարկություններ օրենսդրական և համակարգային բարեփոխումների վերաբերյալ, իրականացնում մշտադիտարկումներ և իրազեկման ծրագրեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ընտանեկան բռնության կանխարգելմանը, սոցիալական և աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև հասարակական և քաղաքական կյանքում կանանց մասնակցության ընդլայնմանը։
Կանանց իրավունքների լիարժեք իրացումը իրավական և ժողովրդավարական պետության կայացման կարևոր գրավականներից է։ Իրավահավասար և արժանապատիվ միջավայրի ձևավորումը հնարավոր է միայն հետևողական և համատեղ ջանքերով։
Սիրելի՛ կանայք,
մաղթում եմ ձեզ ներդաշնակություն, ինքնաբավություն, ուժ և վստահություն՝ ձեր իրավունքների պաշտպանության և ինքնաիրացման ճանապարհին։ Յուրաքանչյուրիդ ներուժը կարևոր է մեր երկրի զարգացման և հասարակական կյանքի առաջընթացի համար։
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակելու է լինել կանանց իրավունքների հետևողական պաշտպանն ու աջակիցը՝ տարվա յուրաքանչյուր օր։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ»,-նշված է ուղերձում։








