«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ հարուցված քրեական գործը մտել է փակուղի։ Նիստերը նշանակվում են, սակայն ՀՀ նախկին ոստիկանապետին չեն կարողանում բերել դատարան. առողջական վիճակը թույլ չի տալիս ներկայանալ դատարան։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փաստացի դատարանում քրեական գործի քննությունը տապալված է, և գրեթե 1 ամիս է՝ նախկին ոստիկանապետին դատարան չեն կարողանում բերել։
Վլադիմիր Գասպարյանը, 1997-2010 թվականներին զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնը, կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, այն է՝ հիշյալ վարչությունում պաշտոնի նշանակված, իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Սուսաննա Սարդարյանի՝ փաստացի ծառայության չներկայանալու և ծառայողական պարտականությունները չկատարելու պայմաններում, ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է պետական միջոցներից աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների վճարումը՝ այդպիսով պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահի ռեֆերենտ է նշանակվել Էդգար Մուրադյան անուն-ազգանունով մի մարդ, որը աշխատանքի չի ներկայանում, բայց պարգև ու աշխատավարձ է ստանում, և աշխատում է «Կարույուտ» ընկերությունում՝ ըստ իր համացանցային էջի։ Նա համատեղության կարգով ԱԺ նախագահի ռեֆերենտ է աշխատում, բայց վարձատրվում է։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ նա ԱԺ իշխանական պատգամավոր Լենա Նազարյանի օգնական Սյուզաննա Գալստյանի ամուսինն է»։









