Foto

Դեսպան Տիգրան Բալայանն ընդունել է ՀՀ տարբեր գերատեսչություններից բաղկացած պատվիրակությանը

Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան, Եվրամիությունում ՀՀ ներկայացուցիչ  Տիգրան Բալայանն ընդունել է ՀՀ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը՝ մանրամասնելով, որ ընդունելությունն իրականացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (Konrad-Adenauer-Stiftung) Եվրոպայի գրասենյակի կողմից հայաստանյան հանրային ծառայողների համար նախատեսված այցի շրջանակներում։

Դեսպան Բալայանն իր ներածական խոսքում ներկայացրել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը, վերջինիս իրագործման մեխանիզմները, սպասվող բարձրաստիճան գագաթնաժողովների ուղղությամբ իրականցվող աշխատանքները, ինչպես նաև գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Նշվում է, որ ՀՀ դեսպանն ընդգծել է ԵՄ քաղաքացիական առաքելության կարևորությունը՝ նշելով վերջինիս դերը սահմանային անվտանգության հաստատման գործում։

Խաղաղության ամրապնդման համատեքստում դեսպան Բալայանն առանձնանշել է 2025թ․ օգոստոսի 8-ին ստորագրված վաշինգտոնյան համաձայնությունները՝ նշելով, որ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բոլոր դրույթներն արտացոլված են համատեղ հռչակագրում։

Անդրադառնալով ենթակառուցվածքային ծրագրերին՝ դեսպանը նաև ներկայացրել է «Թրամփի ուղի» նախագծի ամբողջական ներուժի գործարկման հնարավորությունները՝ կարևորելով միջազգային գործընկերների աջակցման պատրաստակամությունը։  

Տիգրան Բալայանն անդրադարձել է նաև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին, վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին՝ պատասխանելով ներկաների հարցերին։