ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին դեռ չի հաջողվել ծանոթանալ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին։
«ԱԺ կանոնակարգ օրենքով ես իրավունք ունեմ ծանոթանալու զեկույցին։ Եվս մեկ անգամ դիմել եմ, դեռ որևէ պատասխան չունեմ։ Զեկույցը չունի այն կարգավիճակը, որով, ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավարի, հնարավորություն կլինի, որ ես ծանոթանամ դրան»,-24news.am-ի հետ զրույցում ասել է Դավիթ Տոնոյանը։
Նա ասել է, թե իր խնդիրն այն է, որ այդ զեկույցը ճիշտ բովանդակություն ունենա.
«Ես չգիտեմ, թե ինչ իրադրության մեջ կարող է հայտնվել այդ զեկույցի հրապարակումից հետո։ Խնդիրն այն է, թե ճիշտ բովանդակություն ունի՞ այդ զեկույցը, որը հիմնված է լինելու նաև իմ պատասխանների վրա։ Իմ խնդիրն է հասկանալ, թե պատասխանները ճի՞շտ են ձևակերպված, ճիշտ ընկալումների են եկել, և դրանից հետո չլինեն միջազգային լուրջ խնդիրներ»։









