2026թ.-ին ամենակարևոր հարցն այն է լինելու, թե ում են թույլ տալու հայտնվել քվեաթերթիկում. Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Սա ամենակարևոր հարցն է, որովհետև Հայաստանում արդեն սկսվել է, այսպես կոչված, «մոլդովական սցենարը», որի էությունը հետևյալն է՝ ցանկացած, անգամ ոչ ազնիվ տեխնոլոգիաների կիրառմամբ ապահովել իշխող քաղաքական ուժի վերարտադրությունը, ինչպես Մոլդովայում եղավ»,- ասաց նա։
Բադալյանի խոսքով՝ մոլդովական սցենարի առաջին և երկրորդ կետերից հասկանալիորեն չեն կարող օգտվել, մինչդեռ 3-րդ տարբերակից կարող են։ «Այսինքն՝ դրսից ձայն չեն կարող բերել, այլ կերպ՝ դրսում գտնվող հայերին տանեն ընտրության և քվեաթերթիկները բերեն Հայաստան, քանի որ Սահմանադրությունն արգելում է, և նաև չեն կարող որոշ թվով քաղաքացիների մերժել՝ չմասնակցելու ընտրություններին։ Բայց մոլդովական սցենարի 3-րդ տարբերակից՝ չգրանցել կուսակցություններին կամ քվեարկությունից առաջ հանել, դա կարող են։ Դրա համար շատ կարևոր է տվյալ հարցը՝ ում անունն է լինելու քվեաթերթիկում քվեարկության օրը և ում ձայներն են հաշվելու և ԿԸՀ-ն ճանաչելու է որպես ստացած ձայներ։ Ըստ այդմ էլ արդեն շատ բան կորոշվի»,- ասաց նա։
Բադալյանը շեշտեց, որ մի բան պարզ է՝ եթե ընտրության ազդեցիկ ուժերը ցանկանում են հաղթանակ ունենալ, ապա նրանք պետք է ամեն գնով հաղթեն մինչև հունիսի 7-ը։
«Եթե մինչև այդ չհաղթեցին՝ իշխանությունը ցանկացած տեխնոլոգիա կիրառելով, որը ինքը կհամարի օրինական, կվերարտադրվի։ Այսինքն՝ եթե չհաղթես մինչև հունիսի 7-ը, ապա հունիսի 8-ին կպարտվես»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե ինչ ձևով կարող են, օրինակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն արգելել մասնակցել ընտրություններին, քաղտեխնոլոգը նշեց. «Կարող է ԿԸՀ-ն ուղղակի չգրանցի։ Տեսեք, ԱԺ-ն ընդունեց օրենք՝ դիտորդական առաքելության մասին, որով կարող են արգելել բոլոր դիտորդական կազմակերպությունների գործունեությունը, որոնք իրենց շահերից չեն բխում։ Շատ հանգիստ կարող են արգելել ընդունած «Բարեգործության մասին» օրենքով, որը լայն մեկնաբանության տեղիք է տալիս, և դրա անվան տակ կարող են շատ կուսակցությունների չգրանցել։ Կապ չունի, թե ինչքան ձայն ունես կամ ինչ հզորություն ունես, եթե դու իշխող քաղաքական ուժին չես հաղթում մինչև 8-ը, անկախ նրանից դու համալիրում մարդ հավաքում ես, թե ոչ, դու կպարտվես»,- ասաց նա։
Ըստ Բադալյանի՝ հանրային մեծ աջակցությունն այստեղ դեր չի կարող ունենալ․«Թերևս միայն կարող է գնալ ընտրատեղամաս և քվեարկել, պայքարի այլ ձև՝ լինի փողոցային կամ որևէ այլ տարբերակ, հանրությունը այլևս չի կարող ունենալ։ Այսինքն՝ եթե անգամ ընտրությունները կեղծվեն, հանրությունը չի կարող դուրս գալ փողոց և ինչ-որ բան անել, դա բլեֆ է, հեքիաթ է։ Անկախ Հայաստանում այս 35 տարվա ժամանակահատվածում հասարակությունը փողոցով որևէ անգամ իշխող քաղաքական ուժին որևէ բան չի պարտադրել, դա բլեֆ է»։
Ինչ վերաբերում է իշխանությանը ռեալ սպառնացող ընդդիմադիր ուժերին, ապա նա առանձնացրեց «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը։ «Ուժերի հարաբերակցությունը և ԱԺ-ի պատկերը էականորեն կփոխվեն, եթե «Ուժեղ Հայաստանը» մասնակցի կամ չմասնակցի»,- ասաց նա։
Ըստ նրա՝ հասարակության փոփոխություն ուզելը մեկ բան է, քվեաթերթիկում քաղաքական ուժի հայտնվելը՝ մեկ այլ բան․ «Հիմա պատկերացրեք քվեաթերթիկ, որտեղ չկա «Ուժեղ Հայաստան» անունը։ Ինչ պետք է անի ընտրազանգվածի զգալի մասը՝ չի գնա քվեարկության»։









