Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մումբայում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպումից հետո ողջունել է Նյու Դելիի հետ կապերի «նշանակալի արագացումը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը նշել է X-ում կատարած գրառման մեջ։
«Հնդկաստանը և Ֆրանսիան որոշել են իրենց ռազմավարական գործընկերությունը բարձրացնել մինչև հատուկ գլոբալ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Դիվանագիտության մեջ դա շատ նշանակալի է», - նշել է նա։
Մոդին իր հերթին բարձր է գնահատել Մակրոնի հետ հանդիպումը։
«Մենք քննարկեցինք համագործակցությունն արդյունաբերության, պաշտպանության, մաքուր էներգիայի, տիեզերքի և զարգացող տեխնոլոգիաների ոլորտներում։ Մեր երկրները նաև կկառուցեն ամուր ցանցեր ստարտափների և միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների միջև, կնպաստեն ուսանողների և հետազոտողների փոխանակմանը և կստեղծեն նոր համատեղ նորարարական կենտրոններ», - նշել է նա X-ում գրառման մեջ։
Մեկ այլ գրառման մեջ Մոդին շեշտել է, որ առողջապահության ոլորտում արհեստական բանականության հնդկաֆրանսիական կենտրոնի, թվային գիտության և տեխնոլոգիաների հնդկաֆրանսիական կենտրոնի և ավիացիոն հմտությունների ազգային գերազանցության կենտրոնի գործարկումը Հնդկաստան-Ֆրանսիա ֆուտուրիստական համագործակցության օրինակներ են։
«Հնդկաստանում ուղղաթիռների հավաքման գծի բացումը ցույց է տալիս, թե որքան խորն է արմատավորված Հնդկաստան-Ֆրանսիա բարեկամությունը: Մենք հպարտ ենք, որ Հնդկաստանն ու Ֆրանսիան Հնդկաստանում համատեղ կարտադրեն դեպի Էվերեստ լեռան բարձունքները թռչելու ունակ աշխարհի միակ ուղղաթիռը և կարտահանեն այն ամբողջ աշխարհում: Ակնհայտ է, որ Հնդկաստան-Ֆրանսիա գործընկերությունը սահմաններ չի ճանաչում: Այն կարող է տարածվել խոր օվկիանոսներից մինչև ամենաբարձր լեռները», - նշել է նա գրառման մեջ:
Անդրադառնալով Հնդկաստանի և ԵՄ-ի միջև կնքված ազատ առևտրի համաձայնագրին՝ Մոդին նշել է, որ այն աննախադեպ խթան կհաղորդի նաև Հնդկաստան-Ֆրանսիա կապերին:
«Այսօր մենք նաև ստորագրել ենք կրկնակի հարկումը կանխելու համաձայնագիր՝ այդպիսով խթանելով մեր ժողովուրդների և ընկերությունների միջև ներդրումները», - նշվում է գրառման մեջ:
France 24-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը փետրվարի 16-ի կեսգիշերին ժամանել են Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայ՝ արհեստական բանականության ոլորտում համագործակցությանը և Dassault Rafale կործանիչ ինքնաթիռների հնարավոր բազմամիլիարդանոց գործարքին նվիրված եռօրյա այցի սկզբում։
Սա Մակրոնի չորրորդ այցն է Հնդկաստան 2017 թվականին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Ֆրանսիան ձգտում է ընդլայնել իր ռազմական գործընկերությունը Նյու Դելիի հետ. սպասվում են քննարկումներ ևս 114 ֆրանսիական կործանիչ ինքնաթիռների հնարավոր պայմանագրի շուրջ։
Մումբայ կատարած այցից հետո Մակրոնը մեկնել է Նյու Դելի՝ արհեստական բանականության գագաթնաժողովին մասնակցելու համար։









