Իրանն առաջընթաց է նշում ռուսական գազի մատակարարման շուրջ բանակցություններում. շուտով կարող է պայմանագիր ստորագրվել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեժադը։
«Ինչ վերաբերում է գազի ներմուծման հարցերին, ապա մենք առաջ ենք գնացել այդ հարցում մեր ռուս գործընկերների հետ և հույս ունենք, որ մոտ ապագայում կկարողանանք արդեն պայմանագիր ստորագրել՝ իրագործելու համար», - ասել է նա՝ ամփոփելով Թեհրանում կայացած ռուս-իրանական միջկառավարական առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները։
Նախարարի խոսքով՝ Իրանը ձեռնարկում է բոլոր քայլերը երկրի ներսում գազի արդյունահանումը մեծացնելու համար և այն հասցրել է ռեկորդային ցուցանիշների։
«Բայց ելնելով անհրաժեշտությունից և անհավասարակշռության պատճառով, որն, այնուամենայնիվ, գոյություն ունի մեր երկրում, մենք, միևնույն է, փնտրում ենք Ռուսաստանի Դաշնությունից գազ ներմուծելու հնարավորություններ», - Պակնեժադը բացատրել է Ռուսաստանից գազի մատակարարումների անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Իրանի սեփական պաշարները։









