Foto

Զոհերի գնով հասել ենք մի կետի, որ ՀՀ-ն այսօր աշխարհի ծայրագավառից տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»–ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտահեն ապագայի» խորագրով միջոցառման մասնակիցներին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխաակազմից։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, նշել, որ վերջերս Հայաստանի Կառավարությունն ընդունել է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը, և այնտեղ կրթությունը հռչակվել է որպես ռազմավարությունների ռազմավարություն։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, ցանկացած խնդրի լուծում կապված է կրթության հետ, այդ թվում՝ քննարկվող թեմայի համատեքստում, քանի որ էներգետիկ վերափոխումը, ընդհանուր առմամբ, աշխարհում առաջնային օրակարգ է։

Վարչապետը խոսել է պատմությունից դասեր քաղելու կարևորության մասին և ընդգծել. «Իմ կարծիքով, վերջին տարիների մեր բոլոր քաղաքականությունները և որոշումները, ես կարող եմ նույնիսկ կոնկրետ թիվ ասել՝ 2024 թվականից սկսած մեր բոլոր որոշումները, որոնք մենք կայացրել ենք, կամ գուցե դրանից առաջ, քայլ-քայլ, դրանք բոլորն ուղիղ ձևով կապված են մեր պատմությունից քաղած դասերի հետ»։ Ըստ Նիկոլ Փաշինյանի պատմությունից քաղած դասն այն է, որ չպետք է կրկնել այն, քանի որ այն ցիկլային է.

«Այսինքն՝ ցիկլը, որի մասին ես խոսում եմ, հետևյալն է՝ աշխարհաքաղաքական բարենպաստ միջավայրի պայմաններում, երբեմն նույնիսկ մեր կամքից չկախված, մենք ստացել ենք պետականություն, աշխարհաքաղաքական կոնյունկտուրան է այդպես եղել, հետո աշխարհաքաղաքական կոնյունկտուրան փոխվել է, ու մենք, նորից անկախ մեր կամքից, կորցրել ենք պետությունը: Հիմա իմ կարծիքով և իմ գնահատմամբ, ո՞րն է այսօրվա իրավիճակը։ Այսօրվա իրավիճակն այն է, որ մենք այդ ցիկլն անցանք»,– ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ ցիկլն անցել ենք 2020-2025 թվականների ընթացքում։

«Մենք այդ ցիկլի մեջ էինք՝ պետք է կորցնե՞նք, թե չկորցնենք, արդեն հասունացել էր, եկել էր այն պահը, որ պատմական այդ ցիկլի կուլմինացիային էինք հասել 2020 թվականին, 2021 թվականին, 2022 թվականին, 2023 թվականին և այնուամենայնիվ՝ 2024 թվականին հանգուցալուծումը տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ պատմական ցիկլի փոփոխություն՝ այն, որ մենք այն պահին, երբ պետք է կորցնեինք մեր պետությունը, մենք չկորցրինք մեր պետությունը։ Ընդ որում, ես ձեզ ուզում եմ ասել, որ այդտեղ կան նույնիսկ կոնկրետ ամիսներ, ամսաթվեր, իրադարձություններ, եթե դա ձեզ հետաքրքրի, ես նույնիսկ դրանով կարող եմ կիսվել: Ինչպես առիթ ունեցել եմ ասելու, հիմա բոլորովին ուրիշ բան է տեղի ունենում Հայաստանի Հանրապետության հետ. զոհերի և զոհողությունների գնով մենք հասել ենք մի կետի, որ Հայաստանը հենց այսօր՝ 2026 թվականի փետրվարի 12-ին, երեկ էլ, երեկ չէ առաջին օրն էլ ու վաղը, մյուս օրն էլ է այդպես լինելու, աշխարհի ծայրագավառից, ընդ որում ֆիզիկապես ոչ մի տեղ չտեղափոխվելով, տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն: Եվ սա ամենակարևոր նորությունն է, որ ես ուրախ եմ ձեզ հայտնել»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հանդիպման ընթացքում զրույց է ծավալվել Հայաստանում էներգիայի արդյունավետ կառավարման, շինարարության, օդի աղտոտվածության, կրթության զարգացման և այլ թեմաների շուրջ։ Քննարկվել են միջոցառման մասնակիցների գաղափարները քաղաքային լուծումների վերածելու հնարավորությունները: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին:

Միջոցառումը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի և Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի կողմից՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ու Հայաստանի «Քաղաքապետերի դաշինք՝ Արևելք» ծրագրի հետ համագործակցությամբ։