Իսրայելական «Maariv» թերթում հոդված է հրապարկվել «Չորս երկիր միավորվում է Թուրքիայի դեմ» վերնագրով։ Հոդվածը լայն տարածում է գտել թուրքական մամուլում։ Նշվում է, որ փետրվարի 11-ին Իսրայելի Քնեսեթում դռնփակ հանդիպում է տեղի ունեցել Իսրայելի, ԱՄՆ-ի, Հունաստանի և Կիպրոսի խորհրդարանի պատգամավորների միջև։ Մերձիշխանական թուրքական աղբյուրը նշում է, որ այդ հանդիպումը եղել է գաղտնի ու քննարկվել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի աճող ազդեցությունը։ Հանդիպմանը մասնակցել են Իսրայելի Քնեսեթի անդամներ, ներկայացուցիչներ և փորձագետներ:
Թուրքական աղբյուրը նշում է, որ հոդվածում հանդիպման մանրամասները ցույց են տվել, որ Իսրայելը, Հունաստանը, Կիպրոսը և ԱՄՆ-ն քննարկել են Միջերկրածովյան դաշինքի ամրապնդման հարցը՝ ի պատասխան տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության։
«Մենք պետք է հստակ պատկերացնենք, թե ովքեր են մեր գործընկերները Մերձավոր Արևելքում, ովքեր են մեր թշնամիները, ով է պատրաստ համագործակցել և ով է ստեղծում մարտահրավերներ ու խոչընդոտներ: Մենք պետք է միավորվենք տարածաշրջանում առկա սպառնալիքների դեմ՝ միասին քայլեր ձեռնարկելով: Անկարայի հզորությունը կանգնեցնելը կարող է դժվար լինել, բայց անհնար չէ, եթե միասին լինենք»,- հայտնել է քննարկման մասնակից դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շնայդերը:









