Foto

Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ փետրվարի 6-ի գիշերը Ռուսաստանը 328 անօդաչու թռչող սարքով և յոթ հրթիռով հարվածներ է հասցրել Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ խոցվել է 297 անօդաչու թռչող սարք։

«Պաշտպանության ուժերի ակտիվ հակազդեցության շնորհիվ թշնամու հրթիռները չեն հասել իրենց թիրախներին. տեղեկատվությունը ստուգվում է», – նշվում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ էներգետիկ ենթակառուցվածքների հրետակոծության պատճառով հինգ շրջան, այդ թվում՝ Զապորոժիեն, Դոնեցկը, Դնեպրոպետրովսկը, Խարկովը և Կիրովոգրադն առավոտից մնացել են առանց էլեկտրաէներգիայի։

Բացի այդ, Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ Տերնոպոլի, Չեռնովցիի և Խմելնիցկիի մարզերի 109 բնակավայր անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ևս առանց էլեկտրաէներգիայի են մնացել։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegram-ում հայտնել է, որ Կիևի տարբեր շրջաններում ավելի քան 1200 տուն մնում է առանց ջեռուցման։

Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի գործունեությունը երկրի մի քանի շրջաններում համարում է «անբավարար»:

«Մենք ռազմաօդային ուժերի հրամանատարի և Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ քննարկել ենք, թե ինչ որոշումներ պետք է անհապաղ կիրառվեն «շահիդներն» ավելի արդյունավետորեն խոցելու համար», – գրել է նա։

Իսկ Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է Բելգորոդում Ուկրաինայի հրետակոծության հետևանքով ավերածությունների մասին։

«Թշնամին գիշերը հրետակոծել է քաղաքացիական Բելգորոդը։ Բոլորը գիտեն, որ մեզ մոտ չեն եղել և չկան ռազմական օբյեկտներ։ Լուրջ վնասներ կան», – նշել է Գլադկովը Telegram-ում։

Իր հերթին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ փետրվարի 6-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի մարզի երկնքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 14 անօդաչու թռչող սարք։

Իսկ տարածաշրջանի օպերատիվ շտաբն իր Telegram ալիքում հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 120 ԱԹՍ-ներով հարվածել են Բելգորոդի մարզի բնակավայրերին։