Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանն անդրադարձել է Եպիսկոպոսաց ժողովին։
«Միանշանակ է, որ հայության ազգային-հոգևոր կյանքի սիրտը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է, և նախընտրելի է, որ համազգային-եկեղեցական կարևորագույն իրադարձությունները, այդ թվում նաև եպիսկոպոսաց ժողովները, տեղի ունենան այնտեղ։ Սակայն այս նախապատվությունը չի արգելում և չի հակականոնականացնում, հարկ եղած դեպքում, այդ ժողովները Հայաստանից դուրս գումարելու հանգամանքը։
Հայոց Եկեղեցին համահայկական և համաշխարհային կառույց է
Հայոց Եկեղեցու աշխարհագրական և ազգային սահմանները չեն սահմանափակվում միայն Հայաստանի տարածքով։ Գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի գերակշիռ մասը ապրում է հայրենիքից դուրս, և այդ պատճառով Հայոց Եկեղեցին իր էությամբ համահայկական, համաշխարհային և համաքրիստոնեական կառույց է, ոչ թե տեղային կամ պետական սահմաններով պարփակված ինստիտուտ։ Ըստ այդմ՝ Եպիսկոպոսաց ժողովը համահայկական ժողով է, քանի որ ներկայացնում է ամբողջ աշխարհում գործող Հայոց Եկեղեցին՝ Ամերիկա, Եվրոպա, Մերձավոր Արևելք, Աֆրիկա, Ռուսաստան և այլն։
Եթե ժողովը չկայանա, ապա փաստացի՝
- Սփյուռքի թեմերը դիտարկվում են երկրորդական,
- Մայր Աթոռ – Սփյուռք կապը թուլանում է,
- Թուլանում է այն միակ կառույցը, որը այսօր դեռևս համահայկական է,
- Կորցնում է իր համաշխարհային և համաքրիստոնեական Եկեղեցի լինելը։
Եվ հակառակը՝ գումարված ժողովը նպաստում է ներքին ճգնաժամերի լուծմանը, ամրապնդում է եկեղեցու համախմբվածությունը և թույլ չի տալիս խորացնել լարվածությունները: Այս իրողությունները հաստատում են հետևյալը՝ եկեղեցական ժողովները, խորհրդակցությունները և միջոցառումները երբեմն կարող են և պետք է կայանան նաև Հայաստանից դուրս, այնտեղ, որտեղ գործում են թեմեր, հոգևոր կառույցներ և կա կենդանի եկեղեցական կյանք։
Եպիսկոպոսաց ժողովը՝ Եկեղեցու ինքնիշխանության երաշխիք
Եպիսկոպոսաց ժողովը Եկեղեցու ինքնիշխանության առանցքային դրսևորումն է. Հայ Առաքելական Եկեղեցին ոչ պետական, ինքնակառավարվող ինստիտուտ է, և հենց ժողովն է այն գործնական ձևը, որով այն իրացնում է իր անկախությունը։ Եթե որևէ արտաքին ուժ կարողանա խոչընդոտել կամ չեղարկել ժողովը, ապա ստացվում է, որ՝
- Եկեղեցին այլևս չի կարող ինքնուրույն որոշել իր օրակարգը,
- Խախտվում է եկեղեցի–պետություն բաժանման սկզբունքը (համաձայն ՀՀ Սահմանադրության),
- Ստեղծվում է վտանգավոր նախադեպ, որը վաղը կարող է ազդել թեմական ժողովների, կաթողիկոսական ընտրությունների և ներքին կարգապահական գործընթացների վրա։
- Ինքնստինքյան դուրս է մնում միջազգային եկեղեցական ընտանիքից՝ ուղղափառ, առաքելական և ավետարանական, որովհետև բոլոր այդ եկեղեցիները ունեն անկախ և ինքնուրույն կառավարում:
Եվ հակառակը՝ ժողովի կայացումը հաստատում է եկեղեցու անկախությունը, ուղերձ է թե՛ ներքին հայ հասարակությանը և սփյուռքին, թե՛ արտաքին աշխարհին՝ հատկապես մյուս ավանդական եկեղեցիներին և աշխարհիկ քաղաքական հասարակությանը։
Պատմական նախադեպերը
Հայոց Եկեղեցու պատմության մեջ բազմաթիվ դեպքեր կան, երբ եպիսկոպոսաց ժողովները կամ Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստերը գումարվել են արտասահմանում։ Այսպիսի ժողովներին մասնակցել են նաև այն եպիսկոպոսները, ովքեր այսօր արտասահմանում ժողովի գումարումը ներկայացնում են որպես «հակականոնական»։ Եթե նախկինում նրանք այդ պրակտիկան չեն դիտարկել հակականոնական, իսկ այսօր համարում են այդպես, հետևաբար սա ընդամենը մոտեցումների ընտրովի փոփոխություն է, ոչ թե կանոնական ինչ-որ խնդիր։
Ներկայիս իրավիճակի ազդակները
Հայաստանում ներկայիս քաղաքական ու հասարակական մթնոլորտը որոշակի ռիսկ է ստեղծում. կան հիմնավորված կասկածներ, որ որոշ եպիսկոպոսների նկատմամբ կարող են կիրառվել քաղաքական կամ վարչական ճնշումներ։ Հանրային դաշտում շրջանառվող տեղեկությունները՝ ձերբակալությունների կամ այլ սպառնալիքների մասին, ցույց են տալիս, որ օրավուր անհրաժեշտություն է անվտանգ և ազատ միջավայրում ժողովի կազմակերպումը։ Արդյունքում, Ավստրիայում ժողովի գումարումը ոչ թե կանոնների շրջանցում է, այլ Եկեղեցու ներքին ինքնուրույնության պահպանման քայլ, ապահովելով, որ հոգևորականները կարողանան առանց վախի քննարկել ներեկեղեցական հարցերը։ Չպետք է մոռանանք նաև այն ճշմարտությունը, որ Եկեղեցու եպիսկոպոսներից կազմված ժողովական մարմինները առաջնորդվում են Սուրբ Հոգու կողմից, իսկ Սուրբ Հոգին գործում է այնտեղ, ուր չկա ճնշում և վախի մթնոլորտ և ուր տիրում է հոգևոր խաղաղություն:
Ժողովի իրական անհրաժեշտությունը
Այսօր, ցավոք սրտի, եկեղեցու ներսում առկա են՝ լարվածություններ, տարբեր մոտեցումներ պետական իշխանության հետ հարաբերությունների հարցում, բարոյական և հոգևոր այլ մարտահրավերներ։ Եպիսկոպոսաց ժողովը այն հարթակն է, որտեղ տարբեր կարծիքները կարող են բախվել և հանգեցնել հավաքական, համակարգված որոշումների։ Եթե ժողովը չկայանա՝ դա նշանակում է, որ արտաքին ճնշումը աշխատեց, և ճանապարհ է բացվել նոր ճնշումների համար։ Եթե ժողովը կայանա՝ հաստատվում է եկեղեցու ինքնուրույնությունը, ինչը պատմականորեն եղել է Հայոց Եկեղեցու գոյատևման հիմնական նախապայմանը՝ անկախ կայսրություններից, սուլթաններից և կոմունիստական ռեժիմներից։
Ներքաղաքական ենթատեքստը
Արդեն երկար տարիներ Հայաստանում գրեթե չկա որևէ համազգային, չվերահսկվող ինստիտուտ, որը ունի հանրային վստահություն, ունի միջազգային ցանց՝ ճանաչված յուրաքանչյուր պետության կողմից, ունի սեփական օրակարգ, և չի ենթարկվում իշխանության ուղղակի վերահսկողությանը։ Այս համատեքստում Եկեղեցին և նրա եպիսկոպոսաց ժողովը մնացել են վերջին հենակետը՝ որպես համահայկական կառույց, որը կարող է հավաքական և բարձր մակարդակով արտահայտել իր դիրքորոշումը։
Եզրակացություն.
Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովի գումարումը ոչ թե արտառոց կամ հակականոնական քայլ է, այլ տրամաբանական, անհրաժեշտ և պաշտպանական լուծում՝ եկեղեցու ազատ գործելակերպը և համահայկական միասնությունը պահպանելու համար։ Այս ժողովը պարզապես ժողով չէ՝ այն պատմական դիմակայություն է, հարթակ, որտեղ որոշվում է եկեղեցու ապագա դերակատարությունը, ձայնը և ազատությունը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցնող ամիսներին ՀՀ իշխանությունների անթաքույց միջամտության պատճառով հնարավոր չեղավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրել Եպիսկոպոսաց ժողով, ինչպես նաև սթափ գնահատելով ստեղծված դատապարտելի իրավիճակը, Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում Եպիսկոպոսաց ժողովի հրավիրումը լիովին արդարացված է և հիմնավոր:
«Եվ ամենայն շնորհաց Աստված, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։ Նրան իշխանությո՜ւն հավիտյանս։ Ամեն»: (Ա Պետ. Ե 10-11)»։









