Շուրջ մեկ տարի Բաքվում շարունակված կեղծ դատավարությունը, որը հիմնված էր ակնհայտ շինծու քրեական գործերի վրա և իրականացվում էր միջազգային դատավարական ստանդարտների կոպիտ խախտումներով, ավարտվեց քաղաքականապես կանխորոշված վճիռներով։ Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև մյուս հայ գերիները դատապարտվեցին ցմահ ազատազրկման կամ 15–20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտարարություն է տարածել Դիվանագետների համահայկական խորհուրդը։
«Տվյալ գործընթացը չի կարող դիտարկվել որպես արդարադատության իրականացում։ Այն հանդիսանում է քաղաքական հետապնդման ու հայատյացության դասական օրինակ և հակասում է միջազգային իրավունքի մի շարք հիմնարար նորմերի, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, Ժնևի կոնվենցիաներին և դրանց հավելյալ արձանագրություններին, ինչպես նաև արդար դատաքննության, անմեղության կանխավարկածի և ռազմագերիների պաշտպանության վերաբերյալ միջազգային պարտավորություններին։
Չնայած նման զարգացումների կանխատեսելիությանը՝ տեղի ունեցածը խոր մտահոգություն և ցավ է առաջացնում, քանի որ ևս մեկ անգամ փաստում է միջազգային իրավական մեխանիզմների ընտրողական կիրառումը, բարոյական պատասխանատվության բացակայությունը և ուժի կիրառման միջոցով իրավունքի փոխարինումը։ Ազատագրական պայքարի նպատակները դիտավորյալ խեղաթյուրվում են, իսկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը փաստացիորեն ստորադասվում է ուժի սպառնալիքին։
Առանձնապես մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության հաստատման գործընթացի շուրջ հնչող հայտարարությունների ֆոնին, այն պայմաններում, երբ միջազգային որոշ դերակատարներ կամ լռում են, կամ փաստացի աչք են փակում միջազգային իրավունքի կոպիտ խախտումների վրա՝ դրանով իսկ նպաստելով անպատժելիության մթնոլորտի խորացմանը։
Դիվանագետների համահայկական խորհուրդը անհրաժեշտ է համարում հստակ արձանագրել, որ Արցախի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարարներ Արկադի Ղուկասյանը (հետագայում՝ նաև ԱՀ նախագահ) և Դավիթ Բաբայանը, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ Դավիթ Իշխանյանը և Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականներ Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը իրենց գործունեությունն իրականացրել են բացառապես խաղաղության հասնելու, տարածաշրջանային կայունության ապահովման և իրենց ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության նպատակով։ Նրանց քրեականացումը չի կարող ունենալ որևէ իրավական հիմնավորում։
Մենք խորապես համոզված ենք, որ մեր հայրենակիցների ապօրինի գերեվարումը և պատանդառությունը, դրան հաջորդած փակ, քաղաքականապես ուղղորդված դատավարությունները, հորինված մեղադրանքներն ու կանխորոշված պատժաչափերը հանդիսանում են քաղաքական հաշվեհարդար ազգությամբ հայ անձանց նկատմամբ և կարող են որակվել որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում։
Հարկ ենք համարում արձանագրել, որ Հայաստանի գործող իշխանությունների մինչ այժմ ցուցաբերած գործողություններն ու, առավել ևս, անգործությունը մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության և նրանց հայրենադարձման հարցում լուրջ տարակուսանք են առաջացնում։ Այս խնդիրը կարող է լուծվել, իսկ կասկածներն էլ կփարատվեն միայն ու միայն Ադրբեջանում ապօրինի կալանավորված և դատապարտված բոլոր անձանց լիակատար ու անվերապահ ազատման, ապա և՝ իրենց ընտանիքներ վերադառնալու դեպքում։
Դա բոլոր հայորդիների և հայկական պետության արժանապատվության հարցն է»:









