Իսպանիայի կառավարությունը կարգելի 16 տարեկանից փոքր անչափահասների համար սոցիալական ցանցեր մուտք գործելը, երեքշաբթի օրը Դուբայում կայացած Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովում հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը։
«Իսպանիան կարգելի 16 տարեկանից փոքր անչափահասների մուտքը սոցիալական ցանցեր: Հարթակները պարտավոր կլինեն ներդնել տարիքի ստուգման արդյունավետ համակարգեր և իրական, գործուն խոչընդոտներ», – ասել է նա:
Նրա խոսքով՝ համապատասխան որոշումը հաջորդ շաբաթ կներկայացվի Նախարարների խորհրդին։ Նա բացատրել է, որ որոշումը կլինի «առողջ թվային տարածք» ստեղծելուն և խոշոր թվային հարթակների կողմից չարաշահումների դեմ պայքարին ուղղված կարգավորիչ փաթեթի մաս։









