Foto

Վահա՛գն Խաչատուրյան, պարտավոր ես ներողություն խնդրել, քեզ սպասելու ենք «Եռաբլուր»-ում. ակցիա՝ նախագահականի դիմաց

«Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու զոհված զինծառայողների մի խումբ հարազատներ բողոքի ակցիա են իրականացնում  նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից և հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներից` Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։ 

Նախագականի դիմաց հավաքված քաղաքացիները Վահագն Խաչատուրյանի հայտարարությունն անընդունելի, ազգային արժանապատվությունը խաթարող և զոհվածների հիշատակը վիրավորող քայլ են համարում:

«Վահա՛գն Խաչատուրյան, դու պարտավոր ես հրապարակային ներողություն խնդրել, քեզ սպասելու ենք  «Եռաբլուր»-ում: Եթե այդքան ուժ չկա քո մեջ ներողություն խնդրելու համար, պահանջելու ենք, որ լքես այս պոստը: Թույլ չենք տալու, որ մեր ցավի վրա այս իշխանությունն իրեն լկտի ձևով պահի: Թու՛յլ չենք տա: Վահա՛գն Խաչատուրյան, Ալիևին ինչի՞ ես շնորհակալ, պիտի գաս և ներողություն խնդրես: Սրանք եկել են ազգը քայքայելու, պետությունը ոչնչացնելու նպատակով, այս իշխանությունն ուրիշ խնդիր չուն»,- հայտարարեց «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը:
 
Զոհվածի ծնողներից Մերի Ավագյանն էլ ասաց, որ իր համար անընդունելի է, երբ Վահագն Խաչատուրյանն Ալիևին շնորհակալություն հայտնելուց հետո այցելում է  «Եռաբլուր»:

«Գնացել է «Եռաբլուր», որ ինչ ասի: Ասի՝ տղե՛րք,  ապրեք, որ  ձեզ զոհեցինք: Ի՞նչ է նշանակում, գնա էնտեղ մեզ խայտառակ անի, գա այստեղ, իբրև, գլուխ խոնարհի»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, քննարկման ժամանակ, անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և ասել.

 «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ալիևին, նաև մեր վարչապետին՝ այն քաղաքական կամքի համար, որ դրսևորվել է: Նպատակը մեկն է եղել՝ խաղաղությունը»: