Foto

Ժողովրդագրական հիմնական ցուցանիշներն արձանագրել են էական վատացում. պատգամավոր

ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրել է.

«ՀՀ պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ժողովրդագրական հիմնական ցուցանիշներն արձանագրել են իրավիճակի էական վատացում։ Մասնավորապես․

- բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացածների թվաքանակի հարաբերակցությունը կազմել է 127%` նվազելով շուրջ 6 տոկոսային կետով,

- բնական հավելաճը` ծնվածների և մահացածների թվաքանակի տարբերությունը կազմել է 6228՝ նվազելով 1383-ով կամ 18 տոկոսով,

- ծնվածների թվաքանակը կազմել է 29337՝ նվազեկով շուրջ 1524-ով կամ 5 տոկոսով,

- մահացածների թվաքանակը մնացել է գրեթե նույնը,

- ամուսնությունների թիվը կազմել է 12672՝ նվազելով 1643-ով կամ շուրջ 12 տոկոսով,

- ամուսնալուծությունների թիվը կազմել է 4419՝ աճելով շուրջ 140-ով կամ շուրջ 3 տոկոսով,

- 0-1 տարեկան նորածինների մահերի դեպքերը կազմել են 207՝ աճելով 16-ով կամ շուրջ 8,5 տոկոսով,

- 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերը կազմել են 251՝ աճելով 25-ով կամ շուրջ 11 տոկոսով։

Այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրական են այս իշխանության կառավարմանը և հիմնականում հետևանքն են վարվող հակասոցիալական քաղաքականության:

Սոցիալապես առավել խոցելի խմբերում գտնվող մեր բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքի որակը նվազում է, այդ թվում՝ կենսաթոշակառուներ, նպաստառուներ, աշխատող աղքատներ, աղքատներ և ծայրահեղ աղքատներ, ինչը հանգեցրել է նաև սոցիալական պատճառներով ամուսնությունների թվի կտրուկ նվազման և ամուսնալուծությունների թվի աճի, մահացության, այդ թվում՝ մանկամահացության ցուցանիշների աճի, բնականաբար նաև՝ ծնվածների թվաքանակի նվազման ու արտագաղթը բնութագրող ցուցանիշի աճի»։