Foto

ԿԳՄՍՆ-ն հերթական անգամ ցույց տվեց իր անկազմակերպվածությունն ու թափթփվածությունը. քննությունները պետք է վերացվեն. կրթության փորձագետ

Շաբաթ օրը՝ հունվարի 31-ին, անգլերենի միասնական քննություն հանձնած դիմորդներն անորոշ վիճակում են հայտնվել, տպագրական սխալներ են հայտնաբերվել երկու՝ 2-րդ և 4-րդ թեստերում:

ԿԳՄՍ նախարարությունից երեկ հայտնեցին, որ անգլերենի քննությունը երկրորդ անգամ կկազմակերպվի։

Նշենք, որ անգլերենի քննություն է հանձնել ավելի քան 7000 դիմորդ:

 «Սա խոսում է այն մասին, որ կազմակերպիչները, լիազոր մարմինը, որի անունը ԿԳՄՍ նախարարություն է, հերթական անգամ ժողովրդին, հասարակությանը ցույց տվեց իր անկազմակերպվածությունը, թափթփվածությունը և դա ակնհայտ դրսևորվեց»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ բոլորին ակնհայտ դարձավ, թե ինչպես են կազմակերպվում քննությունները, ուսուցիչների ատեստավորումները.«Դա նշանակում է, որ կոմպետենտ մարդիկ չեն աշխատում, որոշումներ կայացնողներՆ ընդհանրապես կապ չունեն ոլորտի հետ և սա դրա ակնհայտ դրսևորումն է։ Ինչ էլ որ անեն դրանից հետո, այդ հետքը մնալու է և մարդկանց մոտ բողոքի դրսևորումները մնալու են»։

Փորձագետը շեշտեց, որ այս ամենը շատ խորը հետք կթողնի աշակերտների հոգեբանության վրա. «Առաջին անգամ հազարավոր մեր շրջանավարտներ, որոնք այս տարի ավարտելու են դպրոցը, ստացվեց, որ նրանց հանձնածը ապարդյուն եղավ։ Արդյունքը, ջանքերը, որոնք նրանք դրել էին, չի գնահատվելու, որն անդառնալի հետք է թողնելու նրանց և՛ պահվածքի, և՛ հիշողության մեջ։ Նույնիսկ, եթե հետո ավելի լավ կազմակերպեն, միևնույն է՝ սրա հետքը մնալու է և երեխաները միշտ հիշելու են, որ 2026 թվականի հունվարին եղավ այսպիսի խայտառակ պատմություն»։

Անդրադառնալով այս տարվա թեստերին՝ Մխիթարյանը նկատեց, որ դրանց մեջ էլի սուբյեկտիվիզմը շատ է և շատերն էլ բողոքում են հենց դրանից. «Քանի որ դրանց մի մասը կարող է չհամապատասխանել դպրոցական ծրագրերին, մի մասի տրամաբանությունը լրիվ ուրիշ լինի։ Այսինքն, կարող է այդ ամենը աշակերտների համար լրացուցիչ սթրեսի առիթ  դառնա»։

 Ինչ վերաբերում է թեստեր կազմողներին, մասնագետը  շեշտեց, որ որևէ լուրջ աշխատանք թեստերի կազմման ժամանակ չի տարվում, ինչպես օրինակ  դպրոցական դասագրքերի կազմման դեպքում է. «Որևէ փորձաքննություն, փորձարկում չի լինում, որևէ փորձարկում չի տարվում, միանգամից հրամցնում են երեխաներին՝ և՛ թեստերը, և՛ դասագրքերը։ Իսկ դա, կրթության առանց այդ էլ վատ որակն էլ ավելի է իջեցնում»։

Ատոմ Մխիթարյանի համոզմամբ՝ ընդունելության քննությունները պետք է վերացվեն. «Աշակերտները պետք է կարողանան բուհ ընտրել, մասնագիտություն ընտրել, առանց որևէ կենտրոնացված քննության ընդունվել։ Այ թե ինչպես կսովորեն՝ դա համալսարանի գործն է։ Այդ ընդունելության քննությունները որևէ նշանակություն չեն ունենա, երբ Հայաստանն անցնի անվճար բարձրագույն կրթության և պետությունը հոգա նրանց ծախսերը։ Համալսարաններն այլևս չեն մտածի վատ սովորող  ուսանողներին պահեն, որպեսզի վարձերը հավաքեն։ Բարձրագույն կրթության մեջ պետք է գլոբալ, հիմնավոր փոփոխություններ լինեն, որպեսզի մենք կարողանանք արդյունքներ գրանցել, որը ես ակնկալում եմ առաջիկա ընտրությունների արդյունքում ձևավորվելիք կառավարությունից»։

Կրթության փորձագետը նշեց՝ հիմա մերժում են այդ տարբերակը, քանի որ դեռ անելիքներ ունեն. «Պետք է գումարներ դուրս գրեն, որպեսզի թեստեր կազմեն, ընդունելության քննությունները կազմակերպվեն։ Այդ ամբողջը դեռ իներցիայով գալիս է։ Չեն մտածում, որ այդ երեխաների հոգեբանության վրա էական  ազդեցություն է ունենում այդ գործընթացը։ Տասնյակ տարիներ կրթության ոլորտում եմ, զգում եմ, որ այդ ամենը ոչ մի օգուտ չի տալիս»։