ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամենայն հավանականությամբ, փետրվարի 6-ին կհանդիպեն Ստամբուլում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրների։
Ըստ նրանց՝ հանդիպման ընթացքում կողմերը կկենտրոնանան փաթեթային համաձայնագրի վրա, որը կկանխի պատերազմը։ Ըստ Սպիտակ տան պաշտոնյայի, որի անունը չի նշվում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հույս ունի, որ Իրանը հանդիպման կգա՝ պատրաստ գնալու անհրաժեշտ փոխզիջումների։
Սա կլինի առաջին հանդիպումը ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև 2025 թ. հունիսին 12-օրյա պատերազմի պատճառով միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների տապալումից հետո։
Հանդիպումը տեղի կունենա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության ուժեղացման ֆոնին։
Պարբերականը նշում է, որ նախատեսվող հանդիպումը վերջին օրերի ընթացքում Թուրքիայի, Եգիպտոսի և Կատարի դիվանագիտական ջանքերի արդյունքն է։
Նշվում է, որ փետրվարի 2-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի արտգործնախարարներն Արաղչիի հետ քննարկել են հնարավոր հանդիպումը։









