Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը վտանգավոր և թունավոր քարոզչություն է անվանել «Medicare» և «Medicaid» Services կենտրոնների ադմինիստրատոր Մեհմեդ Օզի գործունեությունը։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։
Մասնագիտությամբ բժիշկ Օզն ունի թուրքական և ամերիկյան քաղաքացիություն, հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ իր մտերիմ կապերով։ Անկարայի փաստացի լոբբիստը վերջին շրջանում հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով՝ հայերին մեղադրելով Լոս Անջելեսի առողջապահության ոլորտում խարդախության սխեմաներ կիրառելու մեջ։
Համբարյանն Օզի «բացահայտումներում» էթնիկ հարցը խաղարկելու և առողջապահության ոլորտի խնդիրների համար քավության նոխազներ գտնելու փորձեր է տեսնում։ Ավելի աբսուրդային է, երբ դա անում է երկքաղաքացիություն ունեցող անձը։
«Օզի ներկայիս գործունեությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայ դատի հանձնախումբը ճիշտ է վարվել՝ 2022 թվականին տապալելով նրա ընտրությունը Սենատում»,– X սոցցանցում գրել է Համբարյանը։









