«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ըստ տեղեկությունների, ամերիկյան հայ համայնքի և իր թեմի քահանաների ճնշման ներքո է «դարձի եկել»։ Պատմում են, որ ահռելի ճնշումներ են գործադրել նրա վրա, կանգնեցրել երկընտրանքի առջև՝ կա՛մ շարունակում է հավատարիմ մնալ Մայր Աթոռին, կա՛մ նամակ են ուղարկում՝ իր թեմակալ առաջնորդությունը դադարեցնելու պահանջով։ Եվ միայն դրանից հետո է նա հայտարարել, որ փետրվարի 16-19-ին կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին, որը Մայր Աթոռը հրավիրել է Ավստրիայում:
Հիշեցնենք. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից է: Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին, և կոչ էին արել, որ Մայր Աթոռը չեղարկի ժողովը: Հովնան արքեպիսկոպոսը, սակայն, չի հայտարարել, որ լքում է Փաշինյանի ստեղծած Եկեղեցու բարենորոգման խորհուրդը։ Ասում են՝ նրան Փաշինյանի կողմը բերելու ուղղությամբ համառ ջանքեր են տարել ներկայիս և նախկին դեսպաններ Նարեկ Մկրտչյանն ու Լիլիթ Մակունցը»։









