Երեկ՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Անուշավան Ս.-ն իր վարած «Volvo» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արտաշատի խճուղի ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն դասակի ավագ պարեկ Արսեն Մկրտչյանը և կրտսեր պարեկ Աղաբեկ Մինասյանը։Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել վնասված էլեկտրասյունը նորով փոխարինելու։









