Հայկական բանակը ձևավորվել է մեզ պարտադրված պատերազմի, շրջափակման և
աղետալի երկրաշարժի պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի
Հանրապետության անկախության ու պետականության կայացմանը զուգահեռ։
Ծանրագույն, անհավասար և սրբազան ազատամարտում, հայ ժողովրդի
միասնականության շնորհիվ, նա դարձել է ՀԱՂԹԱՆԱԿԱԾ, այնուհետև նվիրական
ծառայությամբ ճանաչվել տարածաշրջանում ՄՐՑՈՒՆԱԿ և միջազգային գործընկերների
հետ ՓՈԽԳՈՐԾՈՒՆԱԿ։
Սակայն կամավորական, ֆիդայական տարանջատված ջոկատներից, զրոյից և մեծ
դժվարություններով ստեղծված կանոնավոր բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ,
անփորձ ռազմաքաղաքական ղեկավարության անգործության և ժողովրդի միասնականության խաթարման հետևանքով, նորից վերածվեց կամավորականների
խմբերի, ինչն էլ ազդեց մեր պարտությունների և դեռևս շարունակվող անհաջողությունների ընթացքի վրա։
Աներկբա է, որ բանակը եղել և մնում է մեր անվտանգության կարևոր երաշխավորը,
տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում որոշիչ
դերակատարը և միշտ կմնա, առավել ևս հիմա՝ մեզ ուղղված սպառնալիքների
պայմաններում։
Պետք է չխաբվենք Հայաստանում տիրող ժամանակավոր, թվացյալ խաղաղությամբ, այլ
սթափ գնահատելով հակառակորդի մոլորեցնող, մեր զգոնությունը թուլացնող
բացահայտ քայլերը՝ գործուն, արագընթաց միջոցներ ձեռնարկենք բանակի
մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Դա կարող է տեղի ունենալ
միայն մեզ ուղղված մարտահրավերներին համահունչ կազմհաստիքային և
կառուցվածքային փոփոխություններով, ժամանակակից և հատուկ նշանակության նոր
ստորաբաժանումների ձևավորմամբ ու արագ համալրմամբ։ Միևնույն ժամանակ անչափ
կարևոր է ժամանակակից սպառազինության ձեռքբերմանը զուգահեռ դրանց կիրառման
հմտություններին տիրապետելը, որը պետք է արտահայտվի ակտիվ մարտական
պատրաստությամբ՝ սկսած ստորաբաժանումների ներդաշնակումով և դաշտային վարժվածությամբ, ավարտած խոշոր զորավարժություններով։
Ես հավատում եմ, որ Հայկական բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը և հետագայում նույնպես պատվով ծառայել ու դիմակայել մարտահրավերներին։
Ի սրտե շնորհավորելով Հայկական բանակի կազմավորման տարեդարձը՝ մաղթում եմ
բոլորին, հատկապես սահմանին կանգնած մեր հրամանատարներին, զինվորներին
անվտանգ ծառայություն, բարձր մարտական ոգի և նոր ձեռքբերումներ հայրենիքի
պաշտպանության սուրբ գործում։
Ինչպես ամեն օր, այնպես էլ այսօր, խոնարհվում և խնկարկում ենք մեր հերոս
նահատակների հիշատակի ու սխրանքի առաջ։
Նրանց հավերժ փառք։









