Նախօրեին Մասյացոտնի թեմում տեղի է ունեցել քահանայից երկրորդ ժողովը՝ նախագահությամբ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի։ Ժողովի մեկնարկից առաջ կատարվել է աղոթք՝ Հանգստյան ժամերգությունից, թեմի հովվական ծառայության անխոչընդոտ և խաղաղ ընթացքի համար։
Ժողովի օրակարգում ընդգրկված է եղել թեմի ներքին կյանքին վերաբերող հովվական, տոնածիսական և վարչական հարցեր։
Հատուկ անդրադարձ է կատարվել երիտասարդական ծրագրերի կազմակերպմանն ու ակտիվացմանը՝ որպես Եկեղեցու առաքելության զորացման և շարունակականության կարևոր ուղղություն։
Ժողովի ընթացքում անդրադարձ է եղել նաև վերջին օրերին արձանագրված մտահոգիչ երևույթներին, երբ տարբեր համայնքներում փորձեր են կատարվել խոչընդոտելու մի շարք քահանա հայրերի ծիսական և հովվական ծառայությունը։
Ժողովն ավարտվել է մտքերի փոխանակմամբ և բուռն քննարկումներով։ Առաջնորդական տեղապահը լսել է քահանաների բարձրացրած հարցերը՝ համապատասխան եզրահանգումներով։









