Foto

Սա Հայաստանի պատվիրակության ընդդիմադիր հատվածի տապալումն է և խայտառակությունը

Քանի՞ գրոշ արժեն սրբազանների դատական նիստերին ընդդիմադիրների ելույթները, գրում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Երեկ Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ, ըստ իշխանության, Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ», իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին։

Ստացվում է՝ ԵԽԽՎ-ում տեղյակ չեն, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, չգիտեն, որ Միքայել սրբազանը, Սամվել Կարապետյանը և բազմաթիվ այլ մարդիկ այլախոհության համար ապօրինի կերպով բանտարկված են, և նման հայտարարությամբ են հանդես գալիս իրենց զեկույցում։

ԵԽԽՎ-ն չի դատապարտում և չի մեղադրում ՀՀ իշխանություններին տեղի ունեցող դատաիրավական աբսուրդի համար, չնայած այն հանգամանքին, որ ապացուցված է և վաղուց բոլորի համար ակնհայտ՝ Հայաստանում դատարանները անկախ չեն։

Սա Հայաստանի պատվիրակության ընդդիմադիր հատվածի տապալումն է և խայտառակությունը։

Ավելի ուշ այս թեմայով տեսանյութ կհրապարակեմ, սակայն մինչ այդ անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ Հայաստանի ընդդիմադիր այլընտրանք ԵԽԽՎ-ում փաստացի բացարձակապես ներկայացված չէ»։