Foto

Հիստերիկ գործիչները եթե ասեն այս «ապերախտ», «փախած» արցախցիները չեն սիրում Նիկոլին, ապա բացատրեք՝ ՀՀ բյուջեն Արցախից ավելի շատ գումար է ստացել, քան տվել վարկի տեսքով. Խանումյան

Այս գրառումը Հայաստանում երբևէ հարկ վճարած անձանց համար է։ Այս մասին գրել է Արցախի քաղաքական գործիչ, Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը։

«Հայաստանի Հանրապետությունը 1998 թվականից սկսած ամեն տարի Արցախին տրամադրում էր միջպետական վարկ, որը ոչ այլ ինչ էր, քան Հայաստանի հարկային/մաքսային մարմինների կողմից հավաքագրվող արցախյան մաքսատուրքերի ու տարբեր հարկատեսակների վերադարձ Արցախի բյուջե։ Այսպես, օրինակ մինչև 2020թ. պատերազմ` 2010֊2020թթ. միջպետական վարկի գումարը 45֊60 միլիարդ դրամ էր։

Համեմատության համար նշեմ, որ Արցախի տարածքում գործող, բայց Հայաստանում հարկ վճարող մի խոշոր տնտեսվարող այդ տարիներին վճարում էր 20֊30 միլիարդ դրամ հարկեր և տուրքեր։ Սրան պետք է գումարենք Արցախ մտնող արտասահմանյան ապրանքների մաքսատուրքերը, Հայաստանից եկող բոլոր ապրանքների ավելացված արժեքի հարկը, որը գանձում էր ՀՀ ՊԵԿ֊ը։ Այս ամենը երբ վերածենք զուտ թվերի, կտեսնենք, որ Հայաստանից եկող միջպետական վարկը գրեթե հավասար էր, իսկ որոշ տարիների զգալիորեն քիչ էր, քան Արցախի շնորհիվ հավաքվող հարկերը և մաքսատուրքերը։

Սիրելի' հարկատուներ, այս նախընտրական շրջանում, եթե հանդիպեք քաղաքական գործիչների, որոնք հիստերիկ ձևով կբացատրեն, որ Հայաստանի հարկատուները աշխատում էին, արցախցիներին պահում, իսկ այս «ապերախտ», «փախած» արցախցիները չեն սիրում Նիկոլին, ապա ուղղակի բացատրեք, որ նախ հպարտ եք եղել, որ կարողացել եք որևէ բանով օգնել Արցախին, այդ զոհողությանը գնացել եք գիտակցաբար, դա հայությանը բերել է հզորություն, հպարտություն, արժանապատվություն ու ինքնիշխանություն, երկրորդն էլ Հայաստանի բյուջեն Արցախից ավելի շատ գումար է ստացել, քան տվել է միջպետական վարկի տեսքով»,-գրել է նա։

Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մետրոյում արցախցի կնոջն ասել էր. «Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»՝ պնդելով, որ նրանք Արցախում ապրել են ՀՀ հարկատուների հաշվին։