Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կրոնական իրավունքը խախտվել է։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց Սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը՝ անդրադառնալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։
«Սա խղճի և դավանանքի իրացման խնդիր է։ Միջազգային բոլոր կարգավորումները հստակ ասում են՝ անձը, անկախ իր գտնվելու վայրից, պետք է կարողանա իրացնել իր կրոնական իրավունքները»,– ընդգծեց փաստաբանը։
Ֆարմանյանի խոսքով՝ Սրբազանին թույլ չեն տվել, որ հիվանդասենյակի դուռը բաց մնա, որպեսզի նա կարողանա մասնակցել Սուրբ Պատարագին և ստանալ Սուրբ Հաղորդություն։
Պաշտպանը նշեց, որ Միքայել Սրբազանի համար յուրաքանչյուր կիրակի պատարագ կարող է մատուցել միայն տեր Զենոնը։ Սակայն վերջինս ֆիզիկապես չի կարող ամեն կիրակի այցելել, քանի որ պատարագ է մատուցում նաև ԱԱԾ-ում գտնվող Արշակ Սրբազանին և Բագրատ Սրբազանին։ Շատ դեպքերում, ըստ փաստաբանի, հենց Միքայել Սրբազանն է հրաժարվում տեր Զենոնի այցից՝ որպեսզի իր հոգևոր եղբայրները չմնան առանց պատարագի։
Երեկ Սրբազանի համար պատարագը կազմակերպվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչի կողմից։ Սակայն վերջինիս թույլատրված չէ մտնել հիվանդասենյակ։ ԲԿ-ի քահանան պատարագը սովորաբար մատուցում է միջանցքում՝ հիվանդասենյակի դուռը կիսաբաց պահելով, որպեսզի Սրբազանը կարողանա լսել և հաղորդակից լինել պատարագին։
«Սրբազանը համաձայնել էր, որ անգամ այդ պայմաններում՝ կիսաբաց դռնով, մասնակցի պատարագին։ Սակայն երեկ դուռն ամբողջությամբ փակել են, և նրան զրկել են անգամ լսելու հնարավորությունից։ Նոր հերթափոխի աշխատակիցներն ասել են, որ իրենց հանձնարարված է դուռն ամբողջությամբ փակ պահել»,– նշեց Ֆարմանյանը։
Պաշտպանի խոսքով՝ խնամակալի միջոցով հնարավոր է եղել կապ հաստատել, ինչից հետո ինքը զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Վերջիններիս միջամտությամբ խնդիրը մասնակիորեն լուծվել է։
«ՄԻՊ գրասենյակից ինձ հայտնեցին, որ միջոցներ են ձեռնարկել, խոսել են ՔԿՀ-ի աշխատակիցների հետ, որպեսզի հիվանդասենյակի դուռը պահվի այն դիրքի, որ Սրբազանը կարողանա լսել միջանցքում պատարագ մատուցող քահանային»։
Այնուամենայնիվ, Միքայել Սրբազանը Սուրբ Հաղորդություն չի ստացել, քանի որ բժշկական կենտրոնի քահանային թույլատրված չէ մոտենալ նրան։
«Ես ինքս եմ տեսնում, թե ինչ հոգեվիճակում է հայտնվում Սրբազանը, երբ զրկվում է պատարագից։ Բայց ունենք այն, ինչ ունենք՝ հակաիրավական գործընթացներ, ապօրինի կալանք, ապօրինի դատապարտում և քաղաքական հետապնդում այսօրվա իշխանությունների կողմից։ Իրենց չկայացած լինելու վրեժը փորձում են լուծել այս մաքրամաքուր հոգևորականի միջոցով»,– հավելեց Մարինե Ֆարմանյանը։
Պաշտպանը անդրադարձավ նաև համացանցում տարածված լուսանկարին, որտեղ պատկերված է Միքայել Սրբազանը՝ ոստիկանների ուղեկցությամբ, իսկ ֆոնին իբր պատարագ է մատուցվում։
«Այդ լուսանկարը իրականությանը չի համապատասխանում։ Այն արհեստական բանականությամբ գեներացված պատկեր է և որևէ առնչություն չունի իրական դեպքի հետ, թեև իրավիճակն էությամբ հենց այդպիսին է եղել»,– եզրափակեց նա։









