Foto

Կուբայի ղեկավարն ԱՄՆ-ին զգուշացրել է կղզու վրա հարձակման հետևանքների մասին

Կուբայի դեմ ԱՄՆ-ի հնարավոր ագրեսիան գին կունենա Վաշինգտոնի համար, քանի որ Հավանան պատրաստվում է պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին զորավարժությունների ժամանակ հայտարարել է Կուբայի նախագահ, Պաշտպանության ազգային խորհրդի ղեկավար Միգել Դիաս Կանել Բերմուդեսը։

«Ագրեսիայից խուսափելու լավագույն ձևն այն է, որ իմպերիալիզմը ստիպված լինի հաշվարկել, թե ինչ գին կունենա նրա համար մեր երկրի վրա հարձակումը, և դա ուղղակիորեն կապված է այդպիսի ռազմական գործողություններին մեր պատրաստվածության մակարդակի հետ», - ասել է Դիաս Կանելը զորավարժությունների մասնակիցների հետ շփման ժամանակ։ Նրա ելույթը ցուցադրել է Caribe հեռուստաալիքը։

Կուբայի առաջնորդը տանկային ստորաբաժանում էր այցելել հունվարի 24-ին, Ազգային պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում՝ հետևելով տարբեր զինատեսակների կիրառմամբ և հակառակորդի հետ պայմանական մարտի պայմաններում ստորաբաժանումների փոխգործակցությամբ մարտավարական զորավարժություններին։