Foto

Հրդեհների հետևանքով աղետի դրություն է հայտարարվել Չիլիում

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիկը հունվարի 18-ին աղետի դրություն է հայտարարել երկրի հարավում գտնվող երկու շրջաններում՝ այնտեղ մոլեգնող անտառային հրդեհների պատճառով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, հրդեհների հետևանքով տարհանվել է առնվազն 20,000 մարդ, զոհվել՝  առնվազն 18-ը։

Չիլիի CONAF անտառային գործակալության տվյալներով՝ կիրակի օրվա դրությամբ հրշեջները պայքարում էին 24 ակտիվ հրդեհի դեմ ամբողջ երկրում։ Դրանցից ամենախոշորը Նուբլեի և Բիո Բիո շրջաններում է, որտեղ էլ հենց կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել։ Այս շրջանները գտնվում են մայրաքաղաք Սանտյագոյից մոտ 500 կմ հարավ։

Երկու շրջաններում հրդեհներն այրել են մոտ 8,500 հեկտար տարածք՝ վտանգելով կյանքը տարածաշրջանի բազմաթիվ համայնքներում, ինչն էլ ստիպել է իշխանություններին հայտարարել տարհանման մասին։

Մոտ 20,000 մարդ տարհանվել է, և կրակը ոչնչացրել է առնվազն 250 տուն։

Պաշտոնյաները նշում են, որ անտառային հրդեհների տարածմանը նպաստել են ուժեղ քամիները և բարձր ջերմաստիճանը, ինչը նաև բարդացրել է հրշեջների գործողությունները։ Չիլիի մեծ մասում  ջերմաստիճանն այս օրերին կարող է հասնել մինչև 38°C-ի։