Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել անվտանգության ուժերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել երկրում արդեն 12 օր շարունակվող ցույցերի մասնակիցների նկատմամբ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
«Պետք է խուսափել ցանկացած բռնի գործողությունից կամ հարկադրանքից, – ասել է նախագահը Al-Araby հեռուստաընկերությամբ հեռարձակված հայտարարության մեջ։ – Պետք է ցուցաբերվի առավելագույն զսպվածություն, պետք է դիմել երկխոսության, խաղաղ շփման և լսել Իրանի ժողովրդի պահանջները»։
Հունվարի 8-ին Թեհրանում, Թավրիզում և Մաշհադում տեղի են ունեցել լայնածավալ ցույցեր։ Ցուցարարները վանկարկել են հակակառավարական կարգախոսներ և պահանջել են կենսապայմանների բարելավում։
Տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ հաղորդում են ցույցերի մի քանի օրվա ընթացքում 31-ից 45 զոհի մասին։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել են 21 զոհի մասին։ Զոհերի թվում կան նաև իրավապահներ։
Ռեզա Փահլավին, որն այժմ ապրում է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, և որի հայրը գահընկեց էր արվել 1979 թվականի Իսլամական հեղափոխության ժամանակ, իրանցիներին կոչ է արել «դուրս գալ փողոց և միացյալ ճակատով աղաղակել իրենց պահանջների մասին»։









