Foto

Ընտանիքի ապրուստի միակ միջոցն էին. Քարակերտում գայլերը հոշոտել են ոչխարներին

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 17։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրի բնակիչ 35-ամյա Կարեն Սիրեկանյանը եկել է անասնագոմ և նկատել, որ 60 գլուխ ոչխարներից 40-ին, որոնց մի մասը հղի են եղել, գայլերը հոշոտել են և սատկել են, իսկ մյուս մասը վիրավոր են։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Ս․-ն ասել է․ «Մեր հալալ քրտինքով այս ամենը ստեղծել ենք, արտագնա աշխատանքի եկամուտը ներդրել ենք, որ մի արդյունքի հասնենք, բայց էսօր եղավ այն, ինչին ամենաքիչն ենք սպասել։ Ոչխարները գրեթե բոլորը հղի էին և շուտով գառներ էին ծնելու, իսկ մի մասն էլ արդեն ծնել էր ու հիմա չգիտենք գառների ճակատագիրը ինչ է լինելու։ Մի մասն էլ, որ դեռ չեն սատկել, հաստատ սատկելու են էսօր կամ վաղը։ Մեր ընտանիքի ապրուստի միակ միջոցն են այս ոչխարները ու գառները ու խնդրում ենք պատկան մարմիններին, որ մեզ հասցված մոտ 5 մլն դրամի վնասը գոնե մի մասով փոխհատուցվի»։

Քարակերտ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Խոսրովյանը ասել է, որ ընտանիքին լավ է ճանաչում ու արդար քրտինքով աշխատող բազմազավակ ընտանիք է։ Նա ևս հույս է հայտնել, որ ընտանիքին օգնության ձեռք կմեկնեն այս դժվարին իրավիճակում և նրանք կկարողանան նորից վերականգնել տնտեսությունը։