Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է․ «2026 թվականի հունվարի 1-ից, համաձայն «Զբոսաշրջության մասին» Վրաստանի օրենքի, Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը։ Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով, կազմված՝ վրացերեն կամ անգլերեն։ Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել, ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից, և ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30․000 լարի։ Ապահովագրական ծածկույթը պետք է պարունակի հետևյալը. • Ապահովագրական պայմանագրի կողմեր • Ծածկույթի տարածք • Ապահովագրության առարկա • Ապահովագրական ժամանակահատվածի մեկնարկի և ավարտի ժամկետներ • Ապահովագրված ռիսկեր • Ապահովագրական գումարի չափ • Ապահովագրական վճարի չափ, վճարման վայր և ժամկետ։ Ապահովագրությունը պետք է գործի զբոսաշրջիկի Վրաստան մուտք գործելուց մինչև մեկնումը՝ նրա՝ երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում»։









