Foto

53 միլիոն դրամ՝ 540 քմ հողի վաևձակալության համար․ «Սոգլասիե–Արմենիա» ՓԲԸ–ն Երևանի քաղաքապետարանին մեղադրում է անհամաչափ վարչարարության մեջ





Երևանի կենտրոնում գործող «Սոգլասիե–Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը բարձրաձայնում է Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ վարչարարության մասին, որը վտանգում է ընկերության բնականոն գործունեությունը։  

Հիշեցնում են, որ դեռևս 2002 թվականից ի վեր, ավելի քան երկու տասնամյակ, Երևանի քաղաքապետարանի հետ կնքված հողամասի վարձակալության պայմանագրի շրջանակում բարեխղճորեն օգտագործել են Աբովյան փողոցում գտնվող շենքին հարակից 540 քմ մակերեսով հողամասը՝ տարիներ շարունակ լիարժեք կատարելով բոլոր պայմանագրային և ֆինանսական պարտավորությունները։ Սակայն 2023 թվականին «Սոգլասիե–Արմենիա» ՓԲԸ–ն ծանուցվել է, որ հողամասի կադաստրային արժեքի փոփոխության արդյունքում տարեկան վարձավճարը շուրջ 418 հազար դրամից վերահաշվարկվել է ավելի քան 53 միլիոն դրամ։ Ընկերության գնահատմամբ՝ նման կտրուկ և բազմակի աճը որևէ կերպ չի հիմնավորվել տարածքի օգտագործման նպատակի, տնտեսագիտական հաշվարկների կամ համաչափության սկզբունքի տեսանկյունից և փաստացի անհնարին պայմաններ է ստեղծել բիզնես գործունեության համար։

«Սոգլասիե–Արմենիա» ՓԲ ընկերության պնդմամբ՝ ստեղծված իրավիճակն իրենց կանգնեցրել է իրավական փակուղու առաջ․ մի կողմից պարտավորություն է դրվել վճարել բարձր վարձավճար, մյուս կողմից՝ բացակայել է պայմանագրային հարաբերությունները հստակեցնելու արդյունավետ մեխանիզմ։ Թեև վերահաշվարկված վարձավճարների օրինականությունը վիճարկվում է դատարանում, Երևանի քաղաքապետարանը նույնիսկ փորձել է այդ հիմքով նախաձեռնել ընկերության սնանկացման գործընթաց, որը հետագայում կարճվել է։

«Սոգլասիե–Արմենիա» ընկերությունը նաև նշում է, որ հարկադրված կերպով կատարել է ներկայացված վճարումները՝ իր գործունեության խաթարումը կանխելու նպատակով։ Ընկերության գնահատմամբ՝ տեղի ունեցողը սովորական  վեճ չէ։ Այն բնորոշվում է որպես անհամաչափ վարչարարություն, որի հետևանքով խաթարվում են սեփականության իրավունքի, ձեռնարկատիրական գործունեության ազատության և իրավական որոշակիության հիմնարար սկզբունքները։

Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ «Սոգլասիե–Արմենիա» ՓԲԸ–ն դիմել է Երևանի քաղաքապետին՝ պահանջելով Երևանի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 259-Ն որոշման հիման վրա վերանայել վարձակալության պայմանները և սահմանել հողամասի տարեկան վարձավճարը 1 մլն 782 հազար դրամի չափով՝ այն համարելով համաչափ տարածքի փաստացի օգտագործման նպատակին և տնտեսապես կենսունակ։ Ընկերությունը Երևանի քաղաքապետարանից ակնկալում է օրինական և հիմնավորված մոտեցում՝ ընդգծելով, որ վարչական որոշումները չպետք է վերածվեն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ճնշման գործիքի։